Բենիամին Մարգարյան․ 500-ից ավելի գալակտիկաներ հայտնաբերած անվանի աստղագետը
29 Նոյեմբերի 2024, 23:58
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Նոյեմբերի 29-ը հայ ականավոր գիտնական Բենիամին Մարգարյանի ծննդյան օրն է, ով նշանակալի հետք է թողել համաշխարհային աստղագիտության զարգացման պատմության մեջ։ Նա Բյուրականի հանրահայտ շրջահայությունների հեղինակն է և իր անունը կրող գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկաների հայտնաբերողը։
Բենիամին Մարգարյանը ծնվել է 1913թ-ին Վրաստանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, իսկ 1941թ-ին՝ Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրան: Արդեն 1942 թվականից Մարգարյանն աշխատել է Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանում, որտեղ հայտնի աստղագետ Վիկտոր Համբարձումյանի հետ ուսումնասիրել է աստղային համակարգերի և գալակտիկաների կառուցվածքը։ Անկայուն աստղային համակարգերի ուսումնասիրության համար գիտնականներն արժանացել են առաջին աստիճանի Ստալինյան մրցանակի։
1965 թվականին Բենիամին Մարգարյանը կարևոր հայտնագործություն է կատարել՝ հայտնաբերելով գալակտիկաների մի ամբողջ դաս, որոնք հետագայում կոչվել են նրա անունով։ Մարգարյանի «Բյուրականի սպեկտրալ ակնարկ»-ում ընդգրկվել են ավելի քան մեկուկես հազար տիեզերական օբյեկտներ, հետագայում ցանկը համալրվել է և այժմ ներառում է ավելի քան 3000 օբյեկտ: Մարգարյանի կողմից հայտնաբերված աստղային օբյեկտները ստացել են նրա անունը և միջազգային աստղաֆիզիկայում նշվում են որպես «Մարգարյանի գալակտիկաներ»։
Գիտնականի կողմից Կույսի համաստեղությունում բացահայտված յոթ գալակտիկաների ընդհանուր շարժումը ևս կոչվել է ի պատիվ նրա՝ «Մարգարյանի շղթա»։
Հարկ է նշել, որ Մարգարյանի «Բյուրականի սպեկտրալ ակնարկը» 2011 թվականին ընդգրկվել է «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեեստրում: 2013 թվականին գիտնականի 100- 100-ամյակին նվիրված ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է արծաթե հուշադրամ` 1000 դրամ անվանական արժեքով, իսկ ՀայՓոստը շրջանառության մեջ է դրել նամականիշ:
Բենիամին Մարգարյանը կյանքից հեռացել է 1985 թվականի սեպտեմբերի 29-ին: