02/09/2023 23:21
Անվտանգային ոլորտում կախվածությունը միայն մի տեղից՝ ռազմավարական սխալ է․ Երբ գալիս է մեր անվտանգությունն ապահովելու պահը, «ինչ-որ մեկը» կամ չի ուզում, կամ չի կարողանում․ Փաշինյան
Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը 99,999 տոկոսով կապված է եղել Ռուսաստանի հետ, այդ թվում՝ զենքի, ռազմամթերքի ձեռքբերման տրամաբանության մեջ: Բայց այսօր, երբ Ռուսաստանը զենք, զինամթերքի և ռազմամթերքի կարիք ունի, այս իրավիճակում հասկանալի է, որ եթե ուզենա էլ՝ չի կարող ապահովել Հայաստանի անվտանգության կարիքները, իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս օրինակը, Փաշինյանի խոսքով, վկայում է, որ «անվտանգային ոլորտում կախվածությունը միայն մի տեղից՝ ռազմավարական սխալ է»:
«Եվ մենք պոստ ֆակտում այդ սխալի դառը պտուղները ճաշակելուց հետո է միայն, որ ինչ-որ շատ աղոտ փորձեր ենք անում դիվերսիֆիկացնելու մեր անվտանգային քաղաքականությունը»,- հավելել է նա։
Փաշինյանն ասել է նաև, որ երբ գործնականում անհրաժեշտ է լինում, որ «ինչ-որ մեկը» ապահովի մեր անվտանգությունը, դա տեղի չի ունենում։
«․․․ Որովհետև այլ բան է, երբ մենք մեր տարածաշրջանում ապրում ենք հետևյալ տրամաբանությամբ, որ մենք մեր հարևանների հետ անընդհատ կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ ենք, բայց ոչինչ, ինչ-որ մեկը մեր անվտանգությունը կապահովի: Երբ գալիս է գործնականում ինչ-որ մեկի կողմից մեր անվտանգությունն ապահովելու պահը, պարզվում է, որ ինչ-որ մեկը մեր անվտանգությունը կամ չի ուզում կամ չի կարողանում ապահովել: Եվ սրանք իրավիճակներ են, որոնց հետ մենք պետք է առերեսվենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: