ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունները կարող են մարդկության դեմ հանցագործություն համարվել. ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող

17 Դեկտեմբերի 2024, 14:00

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կարող է համարվել որպես ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն, միջազգային իրավունքի տեսանկյունից այն, ինչ տեղ է ունեցել Լեռնային Ղարաբաղում, հեշտությամբ կարող է նույնացվել էթնիկ զտման հետ։ Երևանում դեկտեմբերի 12-13-ն անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ազգային փոքրամասնությունների հարցերով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նախկին հատուկ զեկուցող Ֆեռնան դը Վարենը։

Անդրադառնալով հարցին, թե կարելի՞ է արդյոք 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները որակել որպես ցեղասպանություն՝ զրուցակիցն, այդուհանդերձ, նկատել է, որ իրականում ցեղասպանությունը միջազգային իրավունքում շատ դժվար հաստատվող հանցագործություն է, քանի որ դրա համար հատուկ մտադրություն է պետք։

«Ես տեղեկացված չեմ այն բոլոր մանրամասներից, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, որպեսզի կարողանամ որակումներ տալ, սակայն կավելացնեմ, որ անհրաժեշտ է հիշել՝ ցեղասպանություն հանցագործությունը միջազգային իրավունքում իրականում շատ դժվար հաստատվող հանցագործություն է, քանի որ դրա համար հատուկ մտադրություն է պետք․ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին ֆիզիկապես ոչնչացնելո՞ւ մտադրությունն է եղել, թե՞ նրանցից ազատվելու, հեռացնելու մտադրությունը։ Եթե վերջինն է, ապա դա չի համապատասխանում միջազգային իրավունքի մեջ ցեղասպանության հանցագործությանը: Բայց դրանք կարող են լինել այլ տեսակի հանցագործություններ»,-նշել է Ֆեռնան դը Վարենը:

Նրա կարծիքով՝ հստակ է, որ որևէ մեկը չի կարող չհամաձայնել, որ Լեռնային Ղարաբաղում եղել են էթնիկ զտումներ։

«Դա ինքնին ցեղասպանություն չէ, բայց այն դեռ կարող է համարվել որպես ռազմական հանցագործություն կամ մարդկության դեմ հանցագործություն: Այսպիսով, միջազգային իրավունքի տեսանկյունից՝ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ՝ շատ հեշտությամբ կարող է նույնացվել որպես էթնիկ զտում, որը կարող է ռազմական հանցագործություն կամ մարդկության դեմ հանցագործություն նշանակել»,-ընդգծել է Ազգային փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողը:

Հիմա եթերում