«Մեկ ամսում մեր օջախում 2 տղա է ծնվել». 13 թոռ ունեցող արցախցի տիկին Նաիրան նրանց մեջ է տեսնում ապագան

04 Օգոստոսի 2023, 23:44

Հայեր

13 թոռ ունեցող արցախցի տիկին Նաիրան հավատով սպասում է՝ խաղաղություն լինելու է: Նաիրա Բաբայանը 13 թոռ ու 5 զավակ ունի: Ապրում է Ստեփանակերտում ու Արցախից դուրս իր կյանքը չի պատկերացնում: Արդեն երրորդ անգամ է՝ քարը քարին դնելով տուն կառուցում:

«Մեկ ամսում մեր օջախում 2 տղա թոռ է ծնվել: Նրանք են մեր ապագան: Հավատում եմ, որ իրենց ծննդով խաղաղություն են բերելու: Սպասում ենք»:

«Արցախթերթի» հետ զրույցում Նաիրա Բաբայանը պատմել է, որ ամուսինն Արցախյան պատերազմի վետերան է: Որդիները մասնակցել են Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին: Շրջափակման հետևանքով նրանք ևս կորցրել են իրենց աշխատանքը: Նաիրան երկար ճանապարհ է անցնում աշխատավայր հասնելու համար.

«Արթնանում եմ ժամը 05:30-ին, տան գործերն ավարտելուց հետո գնում եմ աշխատավայր»: Թոռներին պահելու իր ժամին նաև զինվորների համար գլխարկներ է գործում. «Պատերազմի օրերին էլ եմ գործել: Բոլորը պետք է իրենց ձեռքից եկածն անեն, որ արդյունքի հասնենք»:

Տիկին Նաիրան նաև հասցնում է իր տնամերձ այգին մշակել, ստացված միրգ-բանջարեղենից բաժին հանել ծանոթ-անծանոթներին: «Հողատարածքս փոքր է, սիրտս՝ մեծ»,-ասում է: