Ինչո՞վ են պայմանավորված Արցախում հացի պակասությունն ու հերթերը
03 Հուլիսի 2023, 09:51
Վերջին օրերին Արցախի մայրաքաղաքի հացաթխման արտադրամասերի դիմաց հերթեր են գոյանում, իսկ խանութներում հացի պակասություն է նկատվել:
Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Հայկ Ադամյանը «Արցախթերթին» հավաստիացրել է՝ հանրապետությունում ալյուրի պաշարի պակաս չկա, հացաթխման արտադրամասերը շարունակում են բնականոն աշխատել:
Հացի արտադրամասի աշխատակից Նվարդ Վարդանյանի խոսքով՝ ալյուրի խնդիր չկա, միայն գնորդներն են շատացել:
«Կան մարդիկ, որ երբևէ մեր փռից հաց չէին առնում, իսկ հիմա հերթեր են գոյանում: Ճաշից հետո շատերին հաց չի հասնում: Պատճառն այն է, որ սկզբից մարդիկ 10 կամ 15 հատ էին հաց գնում: Այսօրվանից արդեն 3-ական ենք տալիս յուրաքանչյուրին»,- տեղեկացրել է տիկին Նվարդը:
Խնդրին առնչվել են նաև խանութների աշխատակիցները: Նրանց խոսքով, եթե մի քանի օր առաջ մատակարարների կողմից հացը խանութ էր հասցվում ըստ անհրաժեշտ քանակի, ապա վերջին օրերի ընթացքում այն կտրուկ նվազել է:
Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը պարզաբանում է, որ հացի՝ խանութ չհասնելու պատճառը հացաթխման արտադրամասերի դիմաց գոյացող արհեստական հերթերն են:Դրանց աշխատակիցները ֆիզիկապես չեն կարողանում հացը խանութներ հասցնել: Կառույցի պատասխանատուն հորդորում է նաև, որ բնակիչները հացը գնեն օրվա չափաբաժնով, որպեսզի բոլորին էլ բավականացնի: