15 ամերիկացի ուսուցիչ Ցեղասպանության թեմայով վերապատրաստում է անցնում Հայաստանում

12 Հուլիսի 2023, 22:25

Կրթություն

Ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպությունը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցելով, 2023 թ. հուլիսի 9-14-ը կազմակերպում է ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր: Ծրագիրը շարունակական է: Այս որոշման վրա ազդել է նախորդ տարվա փորձը, ինչպես նաև վերապատրաստված ուսուցիչների մեկ տարվա արդյունավետ աշխատանքը ԱՄՆ տարբեր նահանգների ուսուցիչների և աշակերտների հետ:

Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը հայտնում է, որ վերապատրաստումն ընթանում է ՀՑԹԻ գիտաժողովների սրահում՝ դասախոսություն-գործնական պարապմունք ձևաչափով:

Մասնակիցներին ներկայացվում է Հայոց ցեղասպանության պատմական, իրավական, սոցիալ-հոգեբանական դիտանկյունները՝ միաժամանակ ցույց տալով այդ հանցագործության, դրա պետական անպատժելիության, թուրքական ժխտողականության ունեցած երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ներկայիս քաղաքական իրավիճակի, տնտեսական իրադրության վրա: Առանձին դասաժամեր են հատկացվել Արցախյան հիմնահարցին, Ադրբեջանի Հանրապետության ագրեսիային ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների:

Այս տարի ծրագրին մասնակցում են 15 ուսուցիչներ՝ ԱՄՆ 15 տարբեր նահանգներից: