Սփյուռքը հիասթափված է ՀՀ իշխանությունների գործողություններից, նրան դուրս են մղում Հայաստանի ճակատագրի մասնակիցը լինելուց. Լապշին

21 Հուլիսի 2023, 23:18

Քաղաքականություն

Ենթադրվում էր, որ Արցախը մասամբ են հանձնելու, սակայն անհնար էր պատկերացնել, որ դա կարվի պատերազմի միջոցով, որի արդյունքում 120 հազար արցախցիներ հայտնվեցին շրջափակման մեջ, և առայժմ հանրապետության համար դրական հեռանկարներ չկան։ Խոսելով Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքների մասին՝ Alpha News-ին տված հարցազրույցում ասել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը բնակվում է Լոս Անջելեսում։

«Երբ պատերազմը եղավ, ես ցնցված էի, ենթադրում էի, որ Արցախը մասամբ կհանձնվի, բայց չէի պատկերացնում, որ դա կլինի պատերազմի միջոցով։ Ես կարծում էի, որ Հայաստանի համար անբարենպաստ ինչ-որ հաշտության պայմանագիր կլինի։ Մինչեւ օրս ես դա ընդունում եմ որպես անձնական դրամա, քանի որ այնտեղ ընկերներս էլ են զոհվել։ Իսկ 120 հազար արցախցի հայտնվեց շրջափակման մեջ, դա կանխատեսելի էր ի սկզբանե: Դա ընդամենը ժամանակի հարց էր։ Ինչո՞ւ Ռուսաստանը չի գործում այս ուղղությամբ։ Թերևս, նա չափազանց խրված է ուկրաինական պատերազմի մեջ եւ Արցախով զբաղվելու ժամանակ չունի: Բացի այդ, Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնությանն օգնում է շրջանցել հակառուսական պատժամիջոցները, և այժմ, Բաքուն և Մոսկվան շատ ավելի են կապված, քան Մոսկվան և Երևանը։ Ցավոք սրտի, ես Արցախի համար լավ հեռանկար չեմ տեսնում»,- նշել է բլոգերը։

Նա ասել է, որ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Կանադայում և ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում սփյուռքահայերի, քաղաքական գործիչների և լրագրողների հետ։

«Հայկական Սփյուռքի հետ հանդիպումներում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ հայ ռազմագերիների հարցը, Արցախի շրջափակումը, ռուս խաղաղապահների գործողությունները, ուկրաինական պատերազմը և այլն»,- ասել է նա՝ հավելելով, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Սփյուռքը շատ հիասթափված է Հայաստանի կառավարությունից, նրա վարած քաղաքականությունից:

«Հինգ հազարից ավելի մարդ է զոհվել, Արցախի մեծ մասն օկուպացվել է, ռուսական զորքերը մտել են այնտեղ, և հայտնի չէ, թե ինչ կլինի։ Բացի այն, որ սփյուռքահայությունը հիասթափված է, Հայաստանի իշխանությունները նաև նրանց դուրս են մղում ՀՀ ճակատագրի մասնակիցը լինելու գործից, որոշումներ կայացնելուց։ Այսինքն՝ փողդ տուր, բայց մի խառնվիր մեր գործերին։ Այդպիսի իրավիճակ հնարավոր չէ»,- ասել է Լապշինը։

Նա զուգահեռներ է անցկացրել հրեական Սփյուռքի հետ, որն անմիջականորեն կապված է Իսրայելի հետ, և նրանք միշտ միասին են աշխատում։

«Մանր տարակարծություններ կարող են լինել, բայց գլոբալ առումով, այն ամենը, ինչ վերաբերում է Իսրայելի, իշխանությունների և Սփյուռքի շահերին, միշտ միասին են գործում։ Ցավոք, հայերը դա չունեն»,- ասել է բլոգերը՝ բացատրելով, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքի պատճառով «ավելի շատ կապված է Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ-ի հետ՝ և՛  մենթալիտետի, և՛ քաղաքական առումներով, և այն պատճառով, որ այնտեղ տեղակայված են ռուսական զորքերը։

 «Շատերը հիասթափված են Արցախում Ռուսաստանի Դաշնության գործողություններից, փաստորեն, Ռուսաստանը թույլ տվեց այս շրջափակումը, կարող էին կանխել, բայց ինչ-ինչ քաղաքական պատճառներով չարեցին։ Սա հասկանալի է»,- ասել է Լապշինը։

Իսկ հայկական Սփյուռքը, բացի Ռուսաստանից, հիմնականում կենտրոնացած է ԱՄՆ-ում և Ֆրանսիայում՝ այն երկրներում, որոնք հակամարտության մեջ են Ռուսաստանի Դաշնության հետ։ Եվ այնպիսի իրավիճակ է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է որպես Ռուսաստանի պրոքսի, թեև հիմա մի փոքր ավելի քիչ։ Իսկ Սփյուռքի հայությունը ստիպված է հավասարակշռություն պահպանել ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքականության միջև։

Բլոգերը Alpha News-ին պատմել է Բաքվում իր բանտարկության մասին, ուր նրան արտահանձնեցին Բելառուսում կալանավորելուց հետո։

«Ես՝ որպես զբոսաշրջիկ, 2011 թվականին եղել եմ Արցախում, երեք օրից էլ քիչ ժամանակ եմ անցկացրել այնտեղ, նայել եմ հիմնական տուրիստական ​​վայրերն ու գնացել։ Հետո հրապարակել եմ մի քանի հոդված, լուսանկարներ, տեսանյութեր, որտեղ նկարագրել եմ պատերազմի, Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին, ակնհայտ փաստեր՝ այն ամենը, ինչ կարելի է կարդալ Վիքիպեդիայում։

Ես Ադրբեջանին անվանել եմ բռնապետություն, ինչ կա, գրել եմ, նաև այն, որ հետապնդումներ կան ոչ միայն հայերի, այլ նաև Ալիևի ռեժիմի դեմ հանդես եկող ադրբեջանցիների նկատմամբ։ Եվ ես շարունակեցի իմ սովորական կյանքը։ Եղել եմ 150 երկրներում, սա իմ աշխատանքն է: Ես ճամփորդական բլոգեր եմ: Այնտեղից ես մեկնեցի Աֆրիկա, և այս ամենը մնաց անցյալում։ 5 տարի անց այդ ճանապարհորդության պատճառով Ադրբեջանի պահանջով ես ձերբակալվեցի Բելառուսում։ Չգիտեմ, թե ինչն է նրանց ավելի շատ զայրացրել՝ ճամփորդության բուն փա՞ստը, թե՞ այն, որ ես Ալիևին բռնապետ եմ անվանել»,- ասել է Լապշինը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական բանտում իր նկատմամբ սպանության փորձ է կատարվել։ «Ինձ այնքան ծեծեցին, որ կիսամեռ էի, կոտրեցին ձեռքս, մատներս, ծնոտս, ատամներս։ Ինձ վնասվածքներով արտահանձնեցին Իսրայելին։ Դրանից հետո ես Ադրբեջանի դեմ հայց ներկայացրեցի ՄԻԵԴ, բողոք՝ ՄԱԿ։ Ե՛վ դատարանը, և՛ ՄԱԿ-ը զուգահեռ որոշումներ են կայացրել, որոնցով Ադրբեջանը մեղավոր է ճանաչվել անօրինական ձերբակալության համար, քանի որ Արցախ այցելելը, ՄԱԿ-ի տեսանկյունից, քրեական հանցագործություն չէ։ Երկրորդ՝ խոշտանգումներ և սպանության փորձ։ Նրանք Ադրբեջանին պարտավորեցրել են փոխհատուցում վճարել։ Բաքուն հրաժարվեց վճարել, այսինքն՝ երկու տարի է անցել, ոչ մի ցենտ չեն վճարել։ Նրանց ամենաշատը բարկացրել է այն, որ ես հաշիվ եմ բացել «Արցախբանկում»՝ Ալիեւի երեսին ապտակելու համար։ Իմանալով ադրբեջանական մտածելակերպը՝ որ ամեն ինչ անում են ի հեճուկս՝ գիտեի, որ հաստատ չեն վճարելու։ Իսկ եթե չեն վճարելու, թող իմ արածը ապտակ լինի նրանց համար»,- հավելել է բլոգերը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից իր նկատմամբ երկու մահափորձ է կատարվել. «Այսինքն՝ հասկանում են, որ ինձ նորից ձերբակալելը չի ​​ստացվի, ինչպես արդեն եղել է, քանի որ կա ՄԱԿ-ի և Եվրոպական դատարանի որոշումը։ Նրանց մնում է միայն սպանել ինձ։ Նրանք մի անգամ Լատվիայում փորձեցին դա անել, փա՛ռք Աստծո, ինձ զգուշացրել էր Լատվիայի ոստիկանությունը։ Իսկ երկրորդ անգամ փորձեցին դա անել հենց Երեւանում՝ 2020 թվականի դեկտեմբերին։ Այս անգամ ինձ նաև զգուշացրին՝ վտանգ կա, որ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում կան ադրբեջանցի գործակալներ, և ավելի լավ է՝ ես ժամանակավորապես հեռանամ Հայաստանից։ Ավելի ուշ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից ինձ հայտնեցին, որ այժմ անվտանգ է։ Բայց, այլ փորձեր էլ կլինեն, այնպես որ, ես հանգիստ կյանք չունեմ»,- ասել է Լապշինը։