Փորձում եմ ինձնից պահանջված 100%-ոց արդյունքը ստանամ. Նարինե Գրիգորյանը՝ Քնար Ազնավուրի կերպարում

28 Հուլիսի 2023, 14:43

Մշակույթ

Շառլ Ազնավուրն ինչպե՞ս զրոյից հասավ փառքի: Ի՞նչ դժվարությունների միջով անցավ, ինչպե՞ս դրանք հաղթահարեց և ի՞նչ պատմական պահեր ունեցավ իր 94 տարիներին: Փարիզում ակտիվորեն ընթանում են «Պարոն Ազնավուրը» ֆիլմի նկարահանումները:

Alpha News-ն արդեն բացառիկ մանրամասներ է ներկայացրել նկարահանումների ընթացքից, որտեղ նշվել է, որ մեծ արտիստի մորը՝ Քնար Ազնավուրյանին մարմնավորում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանը: Alpha News-ն այս անգամ զրուցել է հենց նրա հետ:

Դերասանուհին այժմ Ֆրանսիայում է: Պատմել է, որ Ֆիլմի նախաձեռնողները ցանկացել են, որ Քնար Ազնավուրյանին կերպավորի հայերենին վարժ տիրապետող հայ դերասանուհի: Իրեն նկատել են «Երբ քամին հանդարտի» ֆրանս-հայկական ֆիլմում, որը 2020-ին ներկայացվել է Կանի կինոփառատոնին: Առցանց հանդիպում է եղել ռեժիսորների հետ, որից հետո ընտրվել է հենց նրա թեկնածությունը:

«Հիացած եմ ամբողջ աշխատանքով, ընդհանրապես կինոյի մթնոլորտով: Չեք պատկերացնի՝ ինչ երջանկության մթնոլորտ է, ինչ բարձր մակարդակի, ինչ հաճելի է այս մարդկանց հետ աշխատելը: Կարծում եմ՝ ֆիլմի ամբողջ ուղերձն այն է, թե ինչպես էմիգրանտ երեխան դարձավ ֆրանսիական պետության խորհրդանիշը: Այս ամենը մոտիվացնող է և ուժ տվող»,- ասել է Նարինե Գրիգորյանը:



Ֆիլմում հնչում է արևմտահայերեն, իսկ ֆրանսերեն էպիզոդները Նարինեն հաղթահարում է ժամանակին դպրոցում Մոլիերի լեզուն ուսումնասիրելու շնորհիվ: Քնար Ազնավուրյանը ֆիմում ներկայացվում է 4 հասակում՝ ամբողջովին երիտասարդ, երբ Շառլը 9 տարեկան էր, և  մինչև կյանքի բոլոր փորձությունների միջով անցած 65-ամյա Քնար Ազնավուր, որն արդեն տեսել ու վայելել է բացառիկ տաղանդով օժտված իր որդու աներևակայելի փառքը: Հանդիսատեսը կտեսնի, որ «Պարոն Ազնավուրը» ֆիլմում ընտանիքը կյանքի տարբեր փուլերում միշտ շանսոնյեի կողքին է:

«Հիմա, երբ այստեղ եմ հետոյի մասին չեմ մտածում: Այս ամեն ինչի մի մասնիկն եմ, ամեն ինչ իմ մեջ եմ վերցնում: Փորձում եմ ինձնից պահանջված 100 տոկոսանոց արդյունքը ստանամ: Այստեղ բոլորն են ամեն ինչ անում, որ ֆիլմը լավը լինի, արժանի լինի Ազնավուրի բացառիկությանը»,- ընդգծել է դերասանուհին:

Այս պահին նկարահանումներն ընթանում են Վերսալում: Ֆիլմում կա նաև անդրադարձ պատմական մի շարք էպզոդների, որտեղ ժամանակին ներկա են եղել Ժան Կոկտոն, Լուի Արմսթրոնգը, Ֆրանսուազ Սագանը, Շառլ Տրենեն: Շատ բան պատմել դերասանուհին չի կարող: Խոսում է միայն թույլատրելիի սահմաններում:

Ազնավուրի հորը՝ Միշային, կերպավորելու պատասխանատվությունն իր ուսերի վրա է վերցրել ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանի որդին՝ Հովնաթան Ավետիքյանը:



Հիմա եթերում