Հայաստան մուտքն արգելված Արենի Մարկոսյանը վերադառնում է Լիբանան. պատգամավոր
02 Օգոստոսի 2023, 13:52
Սփյուռքահայ, ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցություն ստորաբաժանման անդամ Արենի Մարկոսյանը վերադառնում է Լիբանան: Տեղեկությունը Alpha News-ին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:
«Արենիին 24 ժամ «Զվարթնոց» օդանավակայանում պահելուց հետո տեղեկացրել են, որ ինքն ընդգրկված է անցանկալի անձանց թվում եւ պետք է վերադառնա Լիբանան, որտեղից էլ եկել էր Հայաստան: Արենին հիմա Լիբանանի ճանապարհին է»,- ասաց Քրիստինե Վարդանյանը: Պատգամավորը պարզաբանեց նաեւ, թե ինչու էր Արենի Մարկոսյանը հացադուլ հայտարարելու մտադրություն ունեցել.
«Արենին հացադուլ հայտարարելու միտք ուներ, որպեսզի ստիպեր տեղեկատվություն տրամադրել իր կարգավիճակի վերաբերյալ, բայց նախքան դրա մասին հայտարարություն տարածելը՝ իրեն հայտնեցին, որ ինքը ներառված է անցանկալի անձանց թվում ու պահանջեցին լքել երկիրը, հետեւաբար այդ հայտարարությունը չեղավ»:
Քրիստինե Վարդանյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները թիրախավորել են այն սփյուռքահայերին կամ էլ օտարերկրյա գործիչներին, որոնք պայքարում են Հայաստանի ու Արցախի համար:
«Հայաստանի իշխանություններն իրենց թշնամի են հռչակել ազգությամբ հայերին, որոնք պայքարում են Արցախի եւ Հայաստանի իրավունքների համար: Այն դաշնակցականները, որոնք ներառված են անցանկալի անձանց թվում, հակաադրբեջանական ու հակաթուրքական պայքարի մեջ ներգրավված անհատներ են, որոնք ամբողջ աշխարհում առաջ են տանում հայկական շահը»,- ասաց պատգամավորը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանից Հայաստան ժամանած ԱՄՆ քաղաքացի Արենի Մարկոսյանի մուտքն արգելվել է: Արենին երեկ երեկոյան էր ժամանել Հայաստան: Նա գիշերն անց է կացրել օդանավակայանում: Արենի Մարկոսյանը վերջին մեկ տարվա ընթացքում 6-րդ սփյուռքահայն է, որի մուտքը Հայաստան արգելվել է:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին էլ Նիդեռլանդների քաղաքացի Ասլան Ասլանյանի մուտքն էր արգելվել Հայաստան: Նրան որեւէ բացատրություն կամ հիմնավորում չէր ներկայացվել:
Ասլան Ասլանյանը Հայաստան էր գալիս ընտանիքի ու երեխաների ընկերների հետ արձակուրդն անցկացնելու համար: Հավելենք նաեւ, որ 2022 թվականի հուլիսի 13-ին ֆրանսահայ հասարակական գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF France) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքն էր արգելվել ՀՀ՝ նույն սցենարով:
Այնուհետեւ Նիդեռլանդների քաղաքացիություն ունեցող Սյունե եւ Մասիս Աբրահամյաններն էին ճանաչվել անցանկալի անձ Հայաստանի համար: Հայրն ու դուստրը պատրաստվում էին Սյունիքում մասնակցել ՀՅԴ ARF Youth Office-ի նախաձեռնած կամավորական ճամբարներին: 2023-ի հունվարին էլ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական կազմակերպության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի մուտքն է արգելվել Հայաստան: Նժդեհը համոզմունք էր հայտնել, որ իրենք Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դեմ է՛լ ավելի են մեծացրել ճնշումը, եւ հավանական էր համարել, որ Ադրբեջանի դեսպանատան վրա գործադրված այդ ճնշումները դուր չեն եկել ՀՀ իշխանությանը: