2023-ին Թուրքիայում փոքրամասնություններին պատկանող մամուլն աջակցություն չի ստացել
11 Նոյեմբերի 2023, 22:25
Թուրքիայում գործող մամուլի գովազդային կազմակերպությունը 2023-ին տեղի ունեցած վերջին խորհրդի նիստում այդպես էլ որոշում չի կայացրել երկրում բնակվող փոքրամասնությունների մամուլին աջակցություն տրամադրելու հարցում:
Այդպիսով պարզ է դարձել, որ հայկական, հունական և հրեական մամուլին աջակցություն չի տրամադրվելու: Նմանատիպ գործելաոճ եղել էր նաև 2020-ին:
Այս պահին կազմակերպությունը փոքրամասնությունների մամուլին գովազդ չի տրամադրում, սակայն 10 տարի ի վեր յուրաքանչյուր տարվա ընթացքում կայացած խորհրդի նիստի ընթացքում որոշում էր ընդունվում «Լոզանի խաղաղության պայմանագրի շրջանակներում փոքրամասնության կարգավիճակ ունեցող հասարակության համար հրապարակվող թերթերին» նյութական օգնություն տրամադրել:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ 2021-ին հիշյալ փոքրամասնություններին տրամադրված գումարն ընդհանուր առմամբ կազմել է 350.000 լիրա (թուրքական դրամական արժույթ), իսկ 2022-ին 300.000:
Ուշագրավ է այն փաստը, որ փետրվարի 7-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից հետո Թուրքիայի կառավարությունը որոշում էր կայացրել աջակցություն ցուցաբերել տեղական մամուլին, որը սակայն փաստացի ամբողջապես չի իրականացվել: