21-րդ դարում արհեստական բանականությունը համեմատում են 20-րդ դարի միջուկային զենքի հետ. Ելենա Զինովևա

17 Դեկտեմբերի 2025, 23:05

Կարծիք

Ռուս փորձագետ Ելենա Զինովևան Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է արհեստական բանականության (ԱԲ) զարգացմանն ու կարգավորմանը, դրա ազդեցությանը պետությունների միջև մրցակցության, համաշխարհային տնտեսության և անվտանգության վրա: Նա անդրադարձել է նաև ռազմական ոլորտում ԱԲ-ի կիրառման հնարավոր ռիսկերին, ինչպես նաև այն հարցին, թե ինչ կարող է առաջարկել Ռուսաստանը Հայաստանին և հետխորհրդային այլ երկրներին արհեստական բանականության բնագավառում:

«Իսկապես, 21-րդ դարում արհեստական բանականությունը համեմատում են 20-րդ դարի միջուկային զենքի հետ: Այսինքն՝ այն և՛ հեղինակության գործոն է, և՛ ազգային անվտանգության տարր, և, իհարկե, տնտեսական աճի շարժիչ: Հետևաբար, այսօր գրեթե անհնար է պատկերացնել մի պետություն, որը հավակնում է զգալի դերակատարման միջազգային համակարգում և չի զարգացնում լուծումներ արհեստական բանականության ոլորտում: Սա համատարած կիրառություն ունեցող առանցքային տեխնոլոգիա է:

Այս ոլորտում այսօր առաջատար են ԱՄՆ-ն ու Չինաստանը, այդ երկրների արհեստական բանականության մոդելները՝ հաշվի առնելով նրանց մեծ ֆինանսական հնարավորությունները, ռեսուրսները, ենթակառուցվածքներն ու տվյալները: Եվ հենց այս մրցավազքն է թելադրում արհեստական բանականության համաշխարհային զարգացման տեմպը: Բայց ոչ միայն դրանք: Կան շատ այլ տերություններ, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունը, որը զարգացնում է համակարգեր և նեյրոցանցեր, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում խոշոր լեզվական և հիմնարար մոդելներ: Եվ այստեղ ակնհայտ է, որ հետխորհրդային տարածքում մենք առաջատար ենք»,- ասել է Զինովևան:

Ըստ փորձագետի՝ եվրոպացիներն առաջարկում են «ռիսկերի վրա հիմնված մոտեցում» ԱԲ կարգավորման հարցում։

«Եվրամիությունն, իհարկե, ավելի շատ կենտրոնացած է այս ոլորտում նորմեր և ինստիտուտներ զարգացնելու վրա: Թերևս դեռ ոչ այնքան հաջող, բայց, այնուամենայնիվ, նրանք ունեն իրենց մոդելները: Եվրոպացիներն ունեն ռիսկերի վրա հիմնված մոտեցում: Այսինքն՝ նրանք առաջարկում են դիտարկել մարդու իրավունքների պաշտպանությունը և այդ պաշտպանությունը տեղափոխել արհեստական բանականության ոլորտ: Նրանք առաջինն էին, որ ընդունեցին օրենք ԱԲ ոլորտում՝ EU AI Act, որտեղ առանձնացված են ռիսկերի չորս խմբեր, և որոշ բարձր ռիսկային համակարգեր։ Օրինակ՝ նրանք, որոնք կարող են օգտագործվել վարքագծի մանիպուլյացիայի կամ հույզերի ճանաչման համար, ճանաչվել են բարձր ռիսկային և առհասարակ արգելված են:

Իմ կարծիքով՝ այստեղ տրամաբանությունը երկակի է: Առաջինը սեփական շուկայի պաշտպանությունն է, այդ թվում՝ ամերիկյան ընկերություններից: Երկրորդը՝ սեփական շուկան փակելն ու ԱԲ ոլորտում սեփական մոդելների զարգացման համար որոշակի պաշտպանողական պայմաններ ստեղծելն է:

Արհեստական բանականությունն ավելի ու ավելի խորն է ներթափանցում մեր կյանք: Մենք անընդհատ մտածում ենք այն տնտեսապես ինչպես ավելի արդյունավետ ինտեգրել, բայց ռիսկերը նույնպես պետք է հաշվի առնվեն՝ մարդու իրավունքների տեսանկյունից, ոչ իրավաչափ օգտագործման ռիսկերը, անվերահսկելի որոշումների կայացման ռիսկերը: Հետևաբար, կարգավորման փորձն ինքնին, հավանաբար, անհրաժեշտ է: Այլ հարց է, որ նրանք գուցե շտապել են. շատ իրապես հեռանկարային ուղղություններ փակեցին: Թերևս պետք էր սպասել»,- ասել է Զինովևան։