Փաշինյանի հարցազրույցը Արցախի խնդրից ձեռքերը լվանալու հերթական ցուցիչն էր. Հերմինե Մխիթարյան

12 Սեպտեմբերի 2023, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Փաշինյանի հարցազրույցի՝ Արցախին առնչվող կտորը նույն տրամաբանության շարունակությունն էր, ինչը որդեգրել են իշխանությունները և տևական ժամանակ է՝ այդ գծի մեջ են: Խոսքը ձեռքերը Արցախից ամբողջովին լվանալու մասին է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը:

«Փաշինյանը հարցազրույցում «նախագահ» ասելու փոխարեն ասաց՝ «առաջնորդ», ինչպես նաև տևական ժամանակ է՝ իրենց խոսքում չեն նշում Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այստեղ շատ տրամաբանական շղթա է ձևավորովում, եթե հիշենք, որ հարցազրույցից ժամեր առաջ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել: Նաև հարց է առաջանում, արդյոք Արցախից ձեռքերը լվանալու այս քաղաքականությունը արտաքին ինչ-ինչ դերակատարների առաջ ստանձնած պարտավորությունների իրականացում չէ: Սա հերթական անգամ ցուցիչ է նրան, որ այս իշխանությունների լինելու պարագայում Արցախի հետ կապված զարգացումները կարող են ոչ այնքան բարենպաստ լինել՝ հաշվի առնելով հենց իշխանությունների որդեգրած մոտեցումը»,- նշել է Մխիթարյանը:

Փորձագետը վստահեցնում է՝ այսօր պաշտոնական Երևանը դիրքավորվում է՝ որպես արցախյան հարցի հետ առնչություն չունեցող կողմ:

«Հայաստանի իշխանությունները, ի լուր աշխարհի, ցույց են տալիս, որ իրենք այլևս Արցախի հետ կապված խնդիր չունեն: Այսօր պաշտոնական Երևանը դիրքավորվում է՝ որպես արցախյան հարցի հետ առնչություն չունեցող կողմ, կողմ, որն այնտեղ ապրող իր հայրենակիցների հետ կապված, բացառապես, հումանիտար հարցեր կարող է քննարկել: Սա կարևոր մեսիջ է Արցախի իշխանություններին և Ադրբեջանին»,- ասել է Մխիթարյանը:

Անդրադառնալով Արցախի հարցի շուրջ Ռուսաստանի դիրքորոշմանը՝ փորձագետը նշել է. «Իրադարձություններն ու քայլերը ցույց են տալիս, որ Հայաստանի գործող իշխանությունները հակառուսականության տրամաբանության շրջանակներում է և վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ Մոսկվան սրան բավական ցավագին է արձագանքում և յուրաքանչյուր քայլի ամենաբարձր մակարդակով է անդրադառնում: Այսօր Մոսկվան դիրքավորվում է, որ չկա Ղարաբաղի հարց, որովհետև Հայաստանի գործող իշխանությունները այն ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականություն: Մինչ այս հայտարարությունը, Մոսկվան եղել է այն տրամաբանության ներքո, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում է հետագայում և հետագա սերունդներին»:

Հիմա եթերում