«3+3» ձևաչափի մասնակիցները շահագրգռված են Մեծ Կովկասում խաղաղությամբ. Վլադիմիր Շապովալով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի քաղաքական գիտությունների ամբիոնի դոցենտ Վլադիմիր Շապովալովը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանում Իրանի դեսպանի այն հայտարարությունը, որ «3+3» ձևաչափով նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի։

«Նախ պետք է ընդգծել, որ «3+3» ձևաչափը բնական է տարածաշրջանի բոլոր երկրների շահերի տեսանկյունից, քանի որ այն ներառում է բոլոր վեց երկրների ներկայացուցիչներն, որոնք այս կամ այն չափով կապված են Մեծ Կովկասի տարածաշրջանի հետ։ Դրանք Անդրկովկասի երեք հանրապետություններն են՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև երեք պետություններ՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, որոնք մոտ են Անդրկովկասին, պատմականորեն կապված են այս հողի հետ, ներգրավված են քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար շփումներում և կովկասյան երեք հանրապետությունների ժողովրդի հետ փոխգործակցությունում։

Եվ հասկանալի է, որ հենց Կովկասի վեց ժողովուրդների, Կովկասի վեց պետությունների փոխգործակցության շրջանակներում է, որ պետք է լուծել կոնֆլիկտային իրավիճակները, հակասությունները, որոնք ծագում են այս կամ այն երկրների հարաբերություններում»,- ասել է Շապովալովը։

Փորձագետի կարծիքով՝ «3+3» ձևաչափը շատ կարևոր է, քանի որ այդ երկրներից յուրաքանչյուրը շահագրգռված է Մեծ Կովկասում խաղաղությամբ։

«Շատ կարևոր է այն ձևաչափը, որը մշակվել է, և որի շրջանակներում հայ-ադրբեջանական հարաբերությունները դիտարկվում են այնպիսի երկրների հետ շփումների համատեքստում, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, քանի որ այդ երկրներից յուրաքանչյուրն ունի իր շահը տարածաշրջանում, այդ երկրներից յուրաքանչյուրն ունի իր պատճառները, որպեսզի ցանկանա շուտափույթ լուծում տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտային իրավիճակին, և այդ երկրներից յուրաքանչյուրը շահագրգռված է խաղաղությամբ Մեծ Կովկասում:

Ի տարբերություն արտաքին խաղացողների, ինչպիսիք են Արևմուտքի երկրները, որոնք գտնվում են Մեծ Կովկասի տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու, ոչ մի կերպ կապված չեն Կովկասի ժողովուրդների հետ, շահագրգռված չեն խաղաղությամբ, ավելին՝ ձգտում են բորբոքել հակասությունները և պղտոր ջրում ձուկ որսալ։ Արևմուտքի երկրների այս ապակառուցողական գործողություններն, իհարկե, պոտենցիալ վնաս են հասցնում ոչ միայն Կովկասի երկրներին, այլև այլ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին։

Ուստի, հասկանալի է, որ այս առումով Իրանի ներկայացուցիչների խոսքերը լիովին արդարացված են, և կարծում եմ, որ Ռուսաստանը նույն դիրքորոշումն ունի և կիսում է այն»,- եզրափակել է Շապովալովը։