«3+3» հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում․ Թուրքիայի ԱԳ նախարար

15 Հոկտեմբերի 2024, 16:20

Քաղաքականություն

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ակնկալում է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարները կմասնակցեն Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին Ֆիդանն ասել է Հորդանանի արտգործնախարար Այման աս-Սաֆադիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում։

«Մենք հուսով ենք, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կհյուրընկալենք այս հարթակի երրորդ հանդիպումը, որը տարածաշրջանին տեր լինելու վառ օրինակ է և նպատակ ունի Հարավային Կովկասում հաստատել խաղաղություն, կայունություն և համագործակցություն: Հանդիպմանը ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները», — ասել է նա։