«3+3» տարածաշրջանային հարթակը գնալով ավելի հեռանկարային է դառնում․ Լավրով
05 Դեկտեմբերի 2023, 12:35
Տարածաշրջանային «3+3» հարթակն արդեն «միս ու արյուն է ձեռք բերում» և ավելի ու ավելի հեռանկարային է դառնում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։
Լավրովը Բայրամովին ասել է, որ «3+3» հարթակը, որը միավորում է երեք հարավկովկասյան երկրներին և նրանց երեք հարևաններին, «հեռանկարային ձևաչափ է»։
«Ուրախ կլինեմ լսել ձեր գնահատականներն այս ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ», — Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությունն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հայաստանը միացել է «3+3» ձևաչափին, Ռուսաստանը և Իրանը նույնպես ողջունել են այս գաղափարը։ Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ հինգ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։
Հարթակի հաջորդ հանդիպումը կայացել է Թեհրանում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով։