34 երկիր Բաքվին կոչ է արել անվտանգ ու արժանապատիվ պայմաններ ստեղծել այն արցախցիների համար, որոնք կուզենան վերադառնալ

11 Հոկտեմբերի 2023, 21:16

Քաղաքականություն

Հոկտեմբերի 11-ին Ժնևում ընթացքող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրաջանի շրջանակներում 34  երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ խոր մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։

Համատեղ հայտարարությունն ընթերցվել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության կողմից։

Համատեղ հայտարարությունում նշվում է, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ս.թ. սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական գործողության, ինչպես նաև Լաչինի միջանցքի՝ ինն ամիս շարունակվող արգելափակման հետևանքով։

Համատեղ հայտարարության հեղինակները համաձայնություն են հայտնել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրքի հետ, որ անհրաժեշտ է անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում գրանցված մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների շուրջ։ Նրանք նաև համոզմունք են հայտնել, որ Բարձր հանձնակատարի գրասենյակլը պետք է մշտադիտարկում իրականացնի Լեռնային Ղարաբաղում, հանդիպի Հայաստան տեղահանված փախստականների հետ և դրա մասին զեկուցի Մարդու իրավուքների խորհրդին։ Երկրները պատրաստակամություն են հայտնել դիտարկել Մարդու իրավունքների խորհրդում հետագա այլ քայլերի իրականացման հնարավրությունը։

Հայտարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ստեղծել պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, ովքեր կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, իրականացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ս.թ. սեպտեմբերի 22-ի միջանկյալ որոշման դրույթները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրվարի 22-ի և 2023թ. հուլիսի 6-ի որոշումները և երաշխավորել հայկական կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը։

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների շուրջ ստեղծված ծանրագույն ճգնաժամով, ինչպես նաև վերջին շաբաթներում Լեռնային Ղարաբաղից բնակչության տեղահանությամբ:

Ըստ տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելության զեկույցի, Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100,000 մարդ, տեղահանվել է Հայաստան: Զեկույցում իրավմամբ նշվում են այն տառապանքները, որոնց նրանք ենթարկվել են նման փորձության արդյունքում:

Հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ս.թ. սեպտեմբերի 19-ին իրականացրած ռազմական գործողության, ինչպես նաև ինն ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով, ինչը հանգեցրել է հումանիտար ծանրագույն իրավիճակի:

Ողջունում ենք, որ Մարդու իրավուքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրքը ս.թ. սեպտեմբերի 26-ին կատարած իր հայտարարության մեջ կոչ է անում հարգել էթնիկ հայերի իրավունքները, պաշտպանել քաղաքացիական անձնաց և խստորեն հետևել միջազգային իրավունքի պահանջներին: Լիովին համաձայն ենք, որ «մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի գրանցված խախտումները պետք է ուսումնասիրվեն, այդ թվում՝ անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննության միջոցով»:

Համոզված ենք, որ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակի հաջորդ համապատասխան քայլը պետք է լինի մարդու իրավունքների անմիջական մշտադիտարկումը Լեռնային Ղարաբաղում, հանդիպումները փախստականների և տեղահանված անձանց և ԼՂ-ում դեռևս մնացած հայերի հետ, ինչի արդյունքների մասին պետք է զեկուցվի Մարդու իրավունքի խորհրդին: Ուստի, կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հրավեր ուղղել Բարձր հանձնակատարի գրասենյակին, որպեսզի այն հնարավորինս արագ կարողանա տրամադրել իր տեխնիկական աջակցությունը:

Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղում դեռևս մնացած հայերի անվտանգությունն ու իրավունքները և անհապաղ ստեղծել պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, ովքեր կցանկանան գնալ իրենց տները: Հայկական կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը ևս պետք է երաշխավորվի:

Նաև, կոչ ենք անում Ադրբեջանին կատարել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ս.թ. սեպտեմբերի 22-ի միջանկյալ որոշման դրույթները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրվարի 22-ի և 2023թ. հուլիսի 6-ի որոշումները:

Կոչ ենք անում Հայաստանին՝ միջազգային համայնքի աջակցությամբ, շարունակել մարդասիրական օգնություն տրամադրել ճգնաժամի հետևանքով տեղահանված անձանց:

Միջազգային առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ էական է օժանդակություն տրամադրելու, անկողմնակալ մշտադիտարկում իրականացնելու, ինչպես նաև մարդու իրավունքների իրավիճակին վերաբերող զեկույցներ կազմելու համար։

Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է անվերապահորեն հարգվեն: Մենք մեծապես աջակցում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը՝ համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու համար:

Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին և կդիտարկենք յուրաքանչյուր և բոլոր հետագա քայլերը, որոնք կարող է նախաձեռնել և կիրառել Մարդու իրավունքների խորհուրդը»,- ասվում է հայտարարությունում։

ԱՄՆ
Ավստրալիա
Ավստրիա
Բելգիա
Բուլղարիա
Գերմանիա
Դանիա
Էստոնիա
Իռլանդիա
Իսլանդիա
Իսպանիա
Լատվիա
Լիխտենշտեյն
Լիտվա
Լյուքսեմբուրգ
Խորվաթիա
Կանադա
Կիպրոս 19. Հայաստան
Հունաստան
Ճապոնիա
Մալթա
ՄԹ
Նիդերլանդներ
Նոր Զելանդիա
Նորվեգիա
Շվեդիա
Շվեյցարիա
Պորտուգալիա
Սլովակիա
Սլովենիա
Ուրուգվայ
Ֆինլանդիա
Ֆրանսիա