Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները պատրաստ են աջակցել խաղաղությանը Հարավային Կովկասում. Լավրով
10 Հոկտեմբերի 2023, 10:06
Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը, իսկ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անկայունություն են սերմանում։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների պահպանումն իրենց ամբողջության մեջ եւ փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության եւ կայունության գրավականն է» հոդվածում:
Նրա խոսքով՝ ներկայումս Բրյուսելը, հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունների մասին, իր «միջնորդական ծառայությունները» պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս:
«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները միմյանց միջև կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման, վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան», — ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա նաև նշել է, որ Եվրոպայում անվտանգության ներկայիս ճգնաժամից կարելի էր խուսափել, եթե ՆԱՏՕ-ում չմերժեին ՀԱՊԿ-ի կողմից համագործակցության առաջարկները:
«Եթե ՆԱՏՕ-ն չմերժեր համագործակցության մասին ՀԱՊԿ առաջարկները, ապա, հնարավոր է, դա թույլ կտար խուսափել բազմաթիվ բացասական գործընթացներից, որոնք հանգեցրել են ներկայիս եվրոպական ճգնաժամին այն պատճառով, որ Ռուսաստանին տասնամյակներ շարունակ հրաժարվել են լսել կամ խաբել», — իր հոդվածում նշել Է Լավրովը: