ՀՕՄ Արևմտյան շրջանը 150 հազար դոլար է հատկացրել արցախցիների կարիքների համար. Ժարմեն Միրզախանյան

13 Հոկտեմբերի 2023, 23:00

Քաղաքականություն

Հայ օգնության միության աջակցությամբ՝ 150 հազար դոլար է հավաքվել եւ ուղարկվել բռնի տեղահանված արցախցիներին: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՀՕՄ Արևմտյան շրջանի փոխատենապետ Ժարմեն Միրզախանյանը:

«Կարճ ժամանակամիջոցում բավականին լուրջ արդյունքներ գրանցեցինք: Մեր Արևմտյան շրջանը անմիջապես 150 հազար դոլար ուղարկեց արցախահայերին: Վերջին տվյալներով՝ մոտ 1400 ընտանիք է տեղավորվել, 2 000 տոննայից ավելի սննդամթերք, հագուստ, հիգիենայի պարագաներ են ուղարկվել արցախահայերին»,- ասել է Միրզախանյանը:

Նրա փոխանցմամբ՝ սոցցանցերում էլ դրամահավաքներ են կազմակերպում: Մեր զրուցակիցը հորդորում է բոլորին միանալ նախաձեռնությանը. «Հայ օգնության միությունը 115 տարիների պատմություն ունեցող կազմակերպություն է: Միշտ պատրաստ է եղել օգնության ձեռք մեկնել մեր աշխարհասփյուռ հայությանը, այն հային, որ դրա կարիքն ունի: Հայ օգնության միության ներկայացուցինչերն այսօր առաջիններից էին, որ մեկնեցին Գորիս՝ դիմավորելու մեր բռնագաղթված արցախահայերին:

Այնքան դաժան է տեսարանը և, ընդհանրապես, ինչ կատարվում է, հոգեբանական ծանր ապրումներ ենք ունենում՝ դա տեսնելով: Հեշտ չէ կարողանալ աշխատանքի լծվել ու օգնել ժողովրդին:

Այս 2 շաբաթվա ընթացքում բավականին աշխատանք է կատարվել, և մենք այստեղ ձեռքներս ծալած չենք նստել, աշխատում ենք, դրամահավաք ենք կազմակերպում, արդեն սոցցանցերով պտտվում են՝ ինչպես գումար նվիրաբերել: Ինչ անում ենք, մի կաթիլ է ծովի մեջ: Բայց մեր չափով մեր հայրենակիցներին փորձում ենք օգնել»,- եզրափակել է Ժարմեն Միրզախանյանը: