Սահմանազատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի գլխավոր անհամաձայնությունն է. Նիկոլայ Տոպորնին
31 Հոկտեմբերի 2023, 21:15
Եվրոպական տեղեկատվության կենտրոնի տնօրեն, Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտի դոցենտ Նիկոլայ Տոպորնինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը:
Փորձագետի խոսքով՝ պատճառը, որ խաղաղության պայմանագրի տեքստը մինչ օրս համաձայնեցված չէ, այն է, որ սահմանազատում չի կատարվել։
«Հայկական կողմը ելնում է նրանից, որ համաձայնագրի հիմքում պետք է դրվի 1991թ. Ալմա-Աթայի ԱՊՀ հռչակագիրը, որում հենց նշված են հանրապետությունների սահմանները։ Եվ դա շեղման գլխավոր կետն է, որովհետև սահմանները մինչև վերջ գծանշված չեն, դելիմիտացիա չի կատարվել։ Այս հարցում պահպանվում են որոշակի տարաձայնություններ, որովհետև Ադրբեջանն ունի իր տեսլականը, թե որտեղ և ինչպես իրականացնել սահմանների դելիմիտացիան, իսկ Հայաստանն ունի իր մոտեցումը։ Ես կարծում եմ, որ հենց այդ տարաձայնությունների պատճառով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը մինչև հիմա վերջնականապես համաձայնեցված չէ։
Ադրբեջանը ցանկանում է վերականգնել Ադրբեջանից Նախիջևան տանող լոգիստիկ ուղիները, այսինքն՝ վերագործարկել Մեղրու երկաթուղին և վերականգնել բոլոր անցակետերի աշխատանքը: Իսկ Հայաստանն ունի իր հետաքրքրությունը: Անհրաժեշտ է, որ ապահովվի բոլոր բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց տեղաշարժի, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման անվտանգությունը։ Անհրաժեշտ է, որ Հայաստանը երաշխիքներ ունենա, որ Ադրբեջանը միակողմանիորեն թույլ չի տա այդ համաձայնագրի ինչ-որ խախտումներ։ Այդ պատճառով մնում են այնպիսի կարևոր կետեր, որոնք լուրջ բնույթ են կրում և դրանց վրա պետք է աշխատել», — ասել է Տոպորնինը։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև այս տարեվերջին խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարներ կան, բայց նաև թույլատրելի է, որ կողմերը կարող են դրան հասնել 2024 թվականի առաջին եռամսյակում։
«Ցավոք, մենք տեսնում ենք, որ Փաշինյանի և Ալիևի միջև երկխոսությունը վերջին շրջանում դեռևս չի կարող կայանալ։ Մենք գիտենք, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը չի ժամանել Գրանադայում Եվրամիության նիստին, որտեղ եղել է Փաշինյանը, իսկ հետո, երբ Բիշքեկում տեղի է ունեցել ԱՊՀ նիստը, այնտեղ չի ժամանել Փաշինյանը։ Արտգործնախարարների մասնակցությամբ բանակցություններ տեղի են ունեցել, հանդիպումներ եղել են, այսինքն՝ դիրքորոշումները համաձայնեցվել են, բայց, այնուամենայնիվ, վճռորոշ խոսքը երկու պետությունների առաջնորդներին է մնում։
Իմ կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկար կա մինչև այս տարվա վերջը, բայց, այնուամենայնիվ, իմանալով, թե որքան դժվար են լուծվում վիճելի հարցերը, ես նաև կարծում եմ, որ խաղաղության պայմանագիր այս տարի չի կնքվի, և կողմերը կկարողանան դրան հասնել, մոտավորապես, 2024 թվականի առաջին եռամսյակում», — եզրափակել է Տոպորնինը։