44-օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմը հաղթել է վավերագրական կինոյի Ամստերդամի փառատոնում

17 Նոյեմբերի 2023, 15:50

Մշակույթ

Վավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում (Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոն), Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմն արժանացել է միանգամից 2` «Լավագույն ֆիլմ» և «FIPRESCI» մրցանակների։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։

Արցախյան 44–օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմի գլխավոր մրցանակի համար ժյուրիի ձևակերպումը հետևյալն է.

«Ֆիլմը թափանցող լույս է, որը տեսանելի է դարձնում թաքնված վշտի վիթխարի ներքին աշխարհը` անտանելի բացակայությունից ստեղծելով շոշափելի ներկայություն։ Կինոն՝ որպես գոյատևման գործիք, թույլ է տալիս տեսնել այն, ինչը մենք նախընտրում ենք չտեսնել»։

Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի անվանումը 44–օրյա պատերազմում նրա զոհված եղբոր՝ Սողոմոնի մարմնին տրված համարն է։ Տղան անհետ կորել էր 2020 թվականի հոկտեմբերին։