44-օրյա պատերազմն ընկալում եմ որպես անձնական ցավ, այնտեղ զոհվել են իմ ընկերները․ Ալեքսանդր Լապշին
22 Հուլիսի 2023, 18:50
Ենթադրվում էր, որ Արցախը մասամբ կհանձնվի, բայց չէր կարելի պատկերացնել, որ դա կարվի պատերազմի միջոցով։ Արդյունքում Արցախի 120 հազար բնակիչներ հայտնվել են շրջափակման մեջ, և առայժմ հանրապետության համար որևէ դրական հեռանկար չկա։
Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Լոս Անջելեսում գտնվող հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ խոսելով Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքների մասին։
«Երբ պատերազմ եղավ, ինձ համար շոկ էր, ես ենթադրում էի, որ Արցախը մասամբ կհանձնեն, բայց ես չէի պատկերացնում, որ դա կլինի պատերազմի միջոցով։ Ես կարծում էի, որ կլինի ինչ-որ խաղաղության պայմանագիր, որը ձեռնտու չի լինի Հայաստանին։
Ես մինչ օրս դա ընկալում եմ որպես անձնական ցավ, քանի որ այնտեղ զոհվել են, այդ թվում՝ իմ ընկերները։ Իսկ 120 հազար արցախցիներ հայտնվել են շրջափակման մեջ, դա ամենասկզբից կանխատեսելի էր։ Դա միայն ժամանակի հարց էր:
Ինչու Ռուսաստանը ոչ մի կերպ չի գործում այդ ուղղությամբ։ Հավանաբար, չափազանց կապված են Ուկրաինայի պատերազմին: Նրանք պարզապես Արցախի ժամանակը չունեն։ Բացի այդ, Ադրբեջանն օգնում է ՌԴ-ին շրջանցել հակառուսական պատժամիջոցները, և այժմ Բաքուն ու Մոսկվան շատ ավելի կապված են, քան Մոսկվան ու Երևանը։ Ցավոք, Արցախի համար ոչ մի լավ հեռանկար չեմ տեսնում», — եզրափակել է բլոգերը։