5 անգամ դիմել եմ Փաշինյանին, բայց ոչ մի պատասխան. Թամանյանի թոռան հարցազրույցը՝ Alpha News-ին
25 Հուլիսի 2023, 12:50
Ալեքսանդր Թամանյանի թոռան՝ Գագիկ Թամանյանի դիմումները իշխանությունը 5 տարի է՝ անտեսում է: Ըստ նրա՝ չեն ցանկանում մատը մատին տալ և վերաբացել հայկական նոր ճարտարապետության հիմնադիր, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը:
2023-ին լրանում է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 145-ամյակը, բայց Հայաստանում հոբելյանական տարին որևէ կերպ չի նշվելու: Ալեքսանդր Թամանյանի ժառանգը զարմացած է և վրդովված, որ կառավարությունն անտեսում է 1920-ականներին Հայաստանին գույն ու շունչ հաղորդած ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետին:
«Երևանում չի կարող Թամանյանն իր հասցեն չունենալ: Առանց Թամանյանի թանգարանի չի կարող Երևան լինել: Չի կարելի Թամանյանի հետ այդպես վարվել՝ պատժվելու եք»,- Alpha News-ին տված բացառիկ հարցազրույցում ընդգծել է Գագիկ Թամանյանը:
Ըստ նրա՝ Թամանյանի մեծությունը դեռ պետք է ուսումնասիրվի: Գալիք սերունդները պետք է հասկանան, թե ինչ մեծ ճարտարապետ է տվել հայ ժողովուրդը, իսկ դա հնարավոր կլինի իրագործել միայն թնագարան-իսնտիտուտի միջոցով: Գագիկ Թամանյանի համոզմամբ՝ Թամանյանի ժառանգությունն ու ստեղծագործական մեծությունը Հայաստանում բավականաչափ ուսումնասիրված չէ:
«Մոսկվայում շատ ավելի լավ գիտեն Թամանյանի մեծությունը, քան Հայաստանում, իսկ դա ինձ ցավ է պատճառում: Թամանյանն իր կյանքի 13 տարին նվիրել է Հայաստանին, բազմաթիվ նախագծեր է արել Երևանի, էջմիածնի, Գյումրիի, Հրազդանի և մի շարք այլ հայկական բնակավայրերի համար: Նա դա Վինչիի նման էր՝ ժամանակից առաջ էր: Նա միայն ճարտարապետ չէր՝ տեխնիկական հմտություններ ուներ, կերպարվեստի մեջ էր նաև»,- շեշտել է Գագիկ Թամանյանը:
Թամանյանի ժառանգը պատմել է, որ մարտին հանդիպել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին, որը խոստացել է, բայց մինչև հիմա որևէ քայլ չի արել թանգարանի վերաբացման ուղղությամբ:
Գագիկ Թամանյանը պատմել է, որ Թամանյանի թոռներից երկուսն են ողջ: Ինքը Ալեքսանդր Թամանյանի կրտսեր որդու՝ Հուլիոսի որդին է: Այժմ բնակվում է Լոնդոնում և դա պատահական չէ: Տատիկը՝ Կամիլա Թամանյանը (Էդվարդս) հորական կողմից ծագումով անգլիացի էր, իսկ մորական կողմից սերում էր ֆրանսիական Բենուա և իտալական Կավոս տոհմերից: Կամիլա Էդվարդսի մայրական պապիկը ճարտարապետ Նիկոլայ Լեոնտիևիչ Բենուան էր, որը Պետերհոֆի գլխավոր ճարտարապետն էր:
Կամիլայի ծոռը՝ Բենուաների ժառանգներից 29-ամյա Ֆրանսուա Պինո-Բենուան Ֆրանսիայում երիտասարդ հայտնի ջութակահար է, որի երակներում թեև հայկական արյուն չի հոսում, բայց մշտապես խոսում է մեծ մոր սիրո երկրի՝ Հայաստանի մասին:
Խորհրդային միության երկաթե դարպասները թույլ չեն տվել, որ Կամիլան տեսակցեր իր հարազատներին կամ նույնիսկ նամակ ստանար նրանցից, սակայն նա իր ընտրությունն արդեն կատարել էր՝ հետևելով իր մեծ սիրուն՝ Թամանյանին, տեղափոխվել էր Հայաստան ու ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջը:
Մանրամասները՝ տեսանյութում: