Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Սենատին և Կոնգրեսին կոչ է արել ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին․ Եղիսաբեթ Չուլջյան

23 Դեկտեմբերի 2023, 00:44

Քաղաքականություն

Այն ամենը, ինչ արեց Ադրբեջանը Արցախի ժողովրդի նկատմամբ, պետք է անպայման պատժվի։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց ANCA հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը:

«2023թ-ի ամենակարևոր հարցը Արցախի պաշտպանության հարցն է, Արցախի ցեղասպանության և ամիսներ շարունակ տևած շրջափակման հարցը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ամեն ինչ արել է, որ առաջնային Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն։ Այն ամենն, ինչ արեց Ադրբեջանը Արցախի ժողովրդի նկատմամբ, պետք է անպայման պատժվի, և նրա հետ միասին նաև Թուրքիան։

Մենք ամբողջ տարի աշխատել ենք Արցախի ուղղությամբ, արցախցիների համար կազմակերպել ենք մարդասիրական օգնություն, աշխատել ենք գերիների ուղղությամբ, որ նրանք ինչքան հնարավոր է շուտ ետ վերադառնան, դա վերաբերում է նաև Արցախի ղեկավարությանը»,- նշեց Չուլջյանը։

Նա ընդգծեց, որ Հայ դատի և հայկական համայնքի կոչը հստակ է եղել՝ դադարեցնել ռազմական աջակցությունը դեպի Ադրբեջան։

«Մենք այս ամենի ուղղությամբ աշխատել ենք թե՛ Սպիտակ տան հետ, թե՛ Կոնգրեսի հետ, ինչպես նաև 2020-2024թթ-ի նախագահական և կոնգրեսի ընտրապայքարի մակարդակի վրա։ Հայ դատի և հայկական համայնքի կոչը հստակ եղել է մեկը՝ դադարեցնել ռազմական աջակցությունը դեպի Ադրբեջան։ Ռազմական աջակցություն ցուցաբերելով՝ ԱՄՆ-ը կանաչ լույս էր ցույց տալիս Ադրբեջանին։ Նման վարքով ԱՄՆ-ը կարծես ասեր՝ շարունակեք շրջափակումը, շարունակեք սովի ենթարկել 120 000 արցախցու։ Մենք տեսանք այդ ամենի հետևանքը։ Արդյունքում, մեր հայրենակիցները ենթարկվեցին ցեղասպանության, էթնիկ զտման և ստիպված լքեցին իրենց հողերը»,- նշեց Չուլջյանը։

Նրա խոսքով՝ Հայ դատի հանձնախումբը Կոնգրեսին և Սենատին կոչ է արել մարդասիրական օգնություն տրամադրել արցախահայությանը և ռազմական օժանդակություն՝ Հայաստանին։

«Ամիսներ տևած աշխատանքները ի վերջո արդյունք տվեցին և ԱՄՆ-ի ԱԳՆ-ն հայտարարեց, որ կդադարեցնեն ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Սենատը, կարծելով, որ խոստումները բավարար չեն, որոշեց կոչ ուղղել Բայդենին և պահանջել, որ գործի դրվի ռազմական աջակցության դադարեցման օրենքը։ Այս ամենը նախնական քայլեր են պատժամիջոցների կիրառման համար։

Այս պահին էլ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շարունակում է աշխատել։ Արդեն հինգ տարբեր բանաձևեր են ներկայացվել Կոնգրեսին և Սենատին՝ կոչ անելով մարդասիրական օգնություն տրամադրել արցախահայությանը և ռազմական օժանդակություն՝ Հայաստանին»,- եզրափակեց Չուլջյանը։

Հիմա եթերում