Լոս Անջելեսի հայ համայնքը պետք է տեր լինի իր իրավունքներին․ Լենա Պոզոյան

24 Հունվարի 2024, 00:20

Քաղաքականություն

Լոս Անջելեսի հայ համայնքը մասնակցելով ընտրություններին պաշտպանում է իր իրավունքները։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի խորհրդի անդամ Լենա Պոզոյանը։

«Համայնքն իր իրավունքները պետք է պաշտպանի՝ համագործակցելով այն թեկնածուների հետ, որոնք այդ իրավունքները պետք է տան մեզ։ ՔԵթրին Բերգերը հենց այդ թեկնածուներից մեկն է։ Նա ոչ միայն խոսում է, այլ նաև գործում։ Մենք զորակցում ենք նման թեկնածուներին։ Մեր հայրենակիցներին հորդորում ենք գրանցվել և մասնակցել ընտրություններին։ Եթե եկել ենք ԱՄՆ և դարձել ենք քաղաքացի, ուրեմն որպես հայ համայնքի ներկայացուցիչներ պետք է մեր իրավունքների տերը լինենք, և մեր ձայնը բարձրացնենք։ Նա և՛ դրամաշնորհներ է տրամադրում, և՛ հույս է տալիս հայ համայնքին, որ դուք կարևոր եք, և հայ համայնքը Լոս Անջելեսում կարևոր է»,- նշեցՊոզոյանը։

Նրա խոսքով՝ ՔԵթրին Բերգերը և՛ միջազգային, և՛ տեղական հարթակներում հայ ժողովրդի ջատագովն ու բարեկամն է։

«Այս օրերին ամենակարևոր հարցը, որին մենք հետամուտ ենք, Արցախի հարցն է։ Անցյալ շաբաթ ՔԵթրին Բերգերը մի բանաձև ներկայացրեց, որը վերաբերում է գերիների ազատ արձակմանը։ Այդ բանաձևն ուղարկվել է նախագահ Բայդենին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերին, ներառյալ նախկին պաշտոնյաներին։ Նա ոչ միայն տեղական, համայնքային հարցերով է զբաղվում, այլ նաև Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի և Արցախի իրավունքների պաշտպանման հարցերով, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությանը պատասխանատվության ենթարկելու հարցով»,- եզրափակեց Պոզոյանը։