7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում կան մեծ սխալներ ու բացթողումներ․ Աշոտ Մելքոնյան

26 Հունվարի 2024, 23:50

Կրթություն

7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում մեծ սխալներ ու բացթողումներ կան։ Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

«7-րդ դասարանի «Պատմություն» դասագրքի հեղինակը Սմբատ Հովհաննիսյանն է՝ համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս։ Գրքի հեղինակումից հետո նա սկսեց շնորհավորանքներ ստանալ, հետո՝ սկսեցին դժգոհությունները ուսուցիչների, մասնագետների կողմից։ Սկսեցինք ծանոթանալ այդ դասագրքին։ Ահավոր մեծ սխալներ, բացթողումներ կային թե՛ մեթոդական, թե՛ փաստական առումով։ Ակադեմիայի պատմության ինստիտուտի միայն միջնադարի պատմության բաժինը այդ դասագրքի վերաբերյալ գրեց 37 էջանոց բացասական կարծիք։ Հայաստանում երևի թե մասնագետ չմնաց, որ իր կարծիքը ու դժգոհությունը չհայտնի, ինչու նախապես չդրվեց քննարկան, մասնագետները էլեկտրոնային տարբերակը կփորձեին բարելավել ու նոր կդրվեր շրջանառության մեջ»,- ասել է Մելքոնյանը։

Նա միաժամանակ նշել է, որ ժամանակի սղությունն են պատճառ բերել։

«Պատճառաբանությունն էր՝ ժամանակը չի բավականացրել։ Հեղինակը կամաց-կամաց սկսեց մեր հասցեին խոսել, որ մենք պետականության պատմություն ենք անտեսում այն դեպքում, երբ այդ գրքում բացակայում է պետականության վերաբերյալ 428-885 թթ ընկած ժամանակաշրջանի մասին պետական կազմավորումների խնդիրը, որը շատ կարևոր է։ Դասագրքի սկզբում գրված է՝ նպատակն է դասագրքի մեջ սերունդներին ներկայացնել պետականության պատմությունը։ Մինչդեռ պետականության պատմությունը միայն թագավորությունների պատմությունը չէ, իշխանությունների պատմությունն էլ է։ Ստացվում է համաշխարհային պատմության մասնագետը գրեց հայոց պատմության վաղագույն շրջանի ու միջնադարի վերաբերյալ դասագիրք»,- ընդգծել է Աշոտ Մելքոնյանը։

Մեր զրուցակիցը նշել է, որ «հայրենիք» ու «ժողովուրդ» տերմիններն իրարից անջատել հնարավոր չէ։

«Հայրենիք և ժողովուրդ իրարից անջատել, բնականաբար, հնարավոր չէ։ Ազգի ու պետության ձևավորումը ընթանում է զուգահեռաբար։ Բարեբախտություն է, որ մենք էթնոս ազգություն լինելով՝ ունենք, պահպանել ենք մեր պետականությունը ու թյուրիմացություն է, որ մարդիկ ասում են՝ դարեր շարունակ պետականություն չենք ունեցել։ Մենք չենք ունեցել համահայկական պետականություն, բայց պետականությունը անթեղված ձևով միշտ էլ ունեցել ենք»,- եզրափակել է Աշոտ Մելքոնյանը։