80 հայի ճակատագիր մնում է անհայտ, միգուցե սպանվել են. Սիրանուշ Սահակյան
08 Հունվարի 2024, 22:58
Միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը Alpha News-ի ուղիղ եթերում ասել է, որ Ադրբեջանում պահվող գերիների կոնկրետ թվաքանակ չկա, որովհետև Բաքուն էլ հաճախ թվային այնպիսի տվյալներ է ներկայացնում, որ չի համապատասխանում իրականությանը։
«Գերիների առնչությամբ՝ թվային տվյալները հաճախ չեն համապատասխանել իրականությանը: Օրինակ, 2021թ. հունվար-փետրվարին Ադրբեջանը հերքում էր որոշ հայերի գերեվարված լինելու հանգամանքը: Սակայն փետրվարի վերջին մենք ունեցանք նոր գերիների հաստատում, այս գերիների հայրենադարձումից հետո հիմնավորվեց, որ նրանք գերեվարված են եղել դեռևս հոկտեմբեր ամսից, նոյեմբերին գտնվել են ազգային անվտանգության մարմիների հսկողության ներքո:
Ադրբեջանի կենտրոնական մարմինները քաջատեղյակ են եղել նրանց գերեվարման մասին, սակայն ակնհայտորեն սուտ տեղեկություններ են տրամադրել նաև դատարանին՝ չարաշահելով դատավարական իրավունքները»,- ասել է Սիրանուշ Սահակյանը:
Նա հայտարարել է, որ այս պահին, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանում 23 հայի գտնվելու մասին է հայտնի։
«Այս պահին, ըստ, պաշտոնականացված տվյալների, դեռևս 23 հայեր անազատության մեջ պահվում են Ադրբեջանում, բայց սա այն թիվն է, որը պաշտոնապես հաստատում է Ադրբեջանը: Տարաբնույթ կազմակերպությունների, այդ թվում՝ մեր կազմակերպության կողմից փաստահավաք գործունեություն է իրականացվել և 2020թ. պատերազմի հետևանքով մենք փաստաթղթավորել ենք լրացուցիչ 80 հայի գերեվարման դեպք: Այս դեպքերը հիմնավորվել են գերեվարման ընթացքում կամ դրանից հետո կարճ ժամանակահատվածում:
Ունեցել ենք տեղեկություններ նրանց ողջ լինելու վերաբերյալ, սակայն այս պահին չենք կարող որևէ պնդում անել, թե նրանք այս ընթացքում ողջ են մնացել, կամ միգուցե սպանվել են: Այս 80 անձանց ճակատագիրը մնում է անհայտ: Նրանք, ըստ էության, բռնի անհետացածի կարգավիճակ ունեն այն պահից, երբ հայտնաբերվում է, որ բռնի անհետացած անձը մահացած է,քանի որ հայտնաբերվում է դին, տեղի է ունենում ԴՆԹ նույնականացում, կամ հավաքագրվում են այլ փաստական տվյալներ, որոնք վկայում են անձի մահացած լինելը: Նրանք արդեն փոխում են իրենց կարգավիճակը ու կարող են որակվել՝ որպես գերեվարման ընթացքում սպանվածներ»,- ասել է մեր զրուցակիցը:
Սահակյանը նաև հավելել է, որ իրենց հրապարակած տվյալներն ու Քննչական կոմիտեի հրապարակած պատկերները հաճախ չեն համապատասխանում իրար։
«ՀՀ Քննչական կոմիտեի կողմից հրապարակած տվյալների համաձայն՝ բռնի անհետացածների թիվը 32 է: Այս առումով՝ որոշակի անհամապատասխանացում կա, բայց նշեմ, որ դրա հիմքում կարող է ընկած լինել զուտ այս մեթոդաբանությունը, որ մենք ի սկզբանե փաստաթղթավորել ենք գերեվարման ընթացքում ու գերեվարումից հետո ողջ մնացած հայերի վերաբերյալ տեղեկություններ, սակայն չենք բացառում, որ նրանց սպանել են ու հայկական կողմը, հայտնաբերելով սպանված լինելու վերաբերյալ տվյալներ, նրանց այլևս չի գնահատում որպես բռնի անհետացածներ»,- եզրափակել է Սիրանուշ Սահակյանը: