Վահագն Դադրյան․ Ժամանակի վկան

26 Մայիսի 2024, 23:52

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մայիսի 26-ը հայ ականավոր գիտնական, անվանի ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանության պատմության ականավոր հետազոտող Վահագն Դադրյանի ծննդյան օրն է։

Նա Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է։ Նրա մանկության հիշողության մեջ են մխրճվել դրվագներ, թե ինչպես են Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ կանայք տարբեր առիթներով հավաքվում գաղտնի զրույցների, որտեղ անընդհատ լսվում էր «կոտորած» սարսափելի բառը:

Վահագն Դադրյանը ընդունվել է Բեռլինի բարձրագույն ուսումնական հաստատություն, որտեղ սովորել է մաթեմատիկայի ֆակուլտետում, այնուհետև տեղափոխվել Վիեննայի համալսարան՝ փիլիսոփայության ֆակուլտետ և ուսումնառության ընթացքում ամբողջովին փոխել է իր կրթության ուղղությունը:

Վերլուծելով Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավունքի տեսանկյունից, հենվելով փաստագրական աղբյուրների վրա ՝ Դադրյանը կարողացել է այն դուրս բերել հույզերի ու ապրումների շրջանակից և փաստագրական նյութի հիման վրա դրան հաղորդել միջազգային համամարդկային հնչեղություն:

Գիտնականին են պատկանում 22 մենագրություն և շուրջ 140 գիտական հոդված, բազմաթիվ հրապարակումներ, ինչպես նաև հարցազրույցներ: Նրա հիմնական աշխատանքները կապված են Հայոց ցեղասպանության պատմության, Համեմատական ցեղասպանագիտության հարցերի, ցեղասպանության իրավական և հոգեբանական ասպեկտների վերլուծության հետ:

Վահագն Դադրյանը մահացել է 2019 թվականի օգոստոսի 2-ին։