Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ կապված միջադեպը

28 Մայիսի 2024, 19:15

Քաղաքականություն

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն դատապարտել է Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն հայող կաթողիկոսի հետ կապված միջադեպը: Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունից:

«ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ՛ ԿՐՆԱՐ ԱՆՏԱՐԲԵՐ ՄՆԱԼ Ի ՏԵՍ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՔԱՆԴՈՒՄԻՆ» — Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

«Քիչ առաջ իմացանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սարդարապատ մուտքի ժամանակ ոստիկաններուն կողմէ եղած խոչընդոտին մասին։ Խստօրէն կը դատապարտենք այս մեծապէս ամօթալի երեւոյթը, որ խոտոր կը համեմատի մեր ազգի վարքագիծին եւ բարոյական ու հոգեւոր արժէքներուն։

Ո՞ւր կ՚երթայ Հայաստանը՝ մեր սիրելի Հայրենիքը, որուն անկախութեան ու յաւերժութեան ի խնդիր դարեր շարունակ մեր սուրբերը աղօթեցին, մեր նախահայրերը ստեղծագործեցին եւ մեր նահատակները իրենց արիւնը թափեցին։ Ինքնաքանդումի ու ինքնասպանութեան ներկայ ընթացքը պէտք է կա՛նգ առնէ։ Մեր եկեղեցին չի՛ կրնար անտարբեր մնալ ի տես Հայրենիքի քանդումին»,-նշված է հայտարարության մեջ: