Այստեղ տարաձայնությունների պատճառ չկա. Վասիլի Կոլտաշովը՝ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունների մասին

16 Սեպտեմբերի 2024, 21:46

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի եթերում խոսել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված հարցերի շուրջ:

«Եկեք նայենք տարածաշրջանում Մոսկվայի նպատակներին։ Դրանք այն են, որ պատերազմ չլինի։ Իր հերթին Իրանը չի ցանկանում, որ տարածաշրջանում տեղի ունենա Թուրքիայի հզորացում։ Թուրքիան ցույց է տալիս, որ ինքը Ռուսաստանին դիտարկում է որպես իր թշնամի։ Այսինքն՝ ցանկանում է, որ Ռուսաստանը փլուզվի, և Ղրիմն անցնի Ուկրաինայի, իսկ հետո՝ Թուրքիայի տնօրինությանը։

Ի՞նչ կլինի վերջում։ Արդյունքում՝ չկա ոչ «Զանգեզուրի միջանցք» Ադրբեջանի տրամադրության տակ, ոչ պատերազմ, ոչ հարցի վերջնական լուծում, քանի որ հարցի վերջնական լուծումը Ռուսաստանի և Իրանի համար ձեռնտու չէ։ Իսկ հարցի վերջնական լուծում ասելով պետք է հասկանալ, որ ամբողջությամբ փակվելու է Հայաստանի և Ադրբեջանի հակասությունների հարցը, և ամեն ինչ հանդարտվելու է, և Հայաստանն, օրինակ, հանգիստ մտնելու է ԵՄ և ՆԱՏՕ, քանի որ սահմանային բոլոր վեճերն արդեն վերացված կլինեն։ Արդյոք այս զարգացումը ձեռնտու է Ռուսաստանին։ Ոչ: Արդյոք դա ձեռնտու է Իրանին։ Ոչ:

Այսպիսով, մի կողմից զուսպ են Թուրքիան ու Ադրբեջանը, մյուս կողմից՝ Հայաստանը։ Սա այն է, ինչ դուք պետք է հասկանաք տեղի ունեցած իրադարձություններից։ Այստեղ տարաձայնության հիմք չկա, համենայնդեպս, վերջնական անհամաձայնություն Ռուսաստանի և Իրանի միջև։ Ավելի շուտ, կարելի է ասել, որ երկու երկրներն էլ ներկա պայմաններում հասել են իրենց նպատակներին»,- կարծում է փորձագետը։

Կոլտաշովի խոսքով՝ Իրանի համար կարևոր է չկորցնել իր ազդեցությունը Հայաստանում, և այդ ուղղությամբ ջանքեր է գործադրում։

«Իրանին պետք է, որ Հայաստանում ամենաուժեղ հակառուսական քարոզչության պայմաններում Իրանի ազդեցությունը չխաթարվի։ Պատկերացրեք՝ Փաշինյանը հիմա կսկսի Իրանին պախարակելու արշավը, որ Իրանը հակաժողովրդավարական է, կանանց իրավունքները չեն հարգվում, և այլն, և այլն։ Իմպերիալիստական, ռեակցիոն, վտանգավոր հարևան, որին պետք է ատել, որովհետև Իրանը կարող է մեզ դավաճանել և այլն։

Սկսվելու է սորոսական այս ամբողջ արշավը, բոլոր այն ՀԿ-ները, որոնք սնվում են ամերիկացիներից, սկսելու են Իրանի դեմ արշավ։ Այդ դեպքում ո՞վ է պաշտպանելու Հայաստանը։ Ռուսաստանին արդեն հայհոյել ու քշել են։ Դե ո՞վ: Միայն Իրանը: Ուստի Իրանը կարծում է, որ այս իրավիճակում իրեն ձեռնտու է փորձել մեծացնել սեփական ազդեցությունը և միաժամանակ հավասարակշռության մեջ պահել Հյուսիսային Իրանի տարածաշրջանը»,- եզրափակել է քաղաքագետը։

Հիմա եթերում