Խորեն Լևոնյան․ Խարիզմատիկ ու սիրված դերասանը
16 Սեպտեմբերի 2024, 23:30
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Սեպտեմբերի 16-ին թատրոնի, հեռուստատեսության և կինոյի դերասան, երգիչ, հեռուստահաղորդավար, ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանի ծննդյան օրն է։
Նա ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Լևոնյանը դեռևս վաղ մանկությունից առնչություն է ունեցել արվեստի հետ։ Նրա պապը հայտնի դերասան Խորեն Աբրահամյանն է, տատիկը՝ դերասանուհի Լուսյա Հովհաննիսյանը, ուստի տաղանդը նրան փոխանցվել է գենետիկորեն։
Լևոնյանը նկարահանվել է բավականին հայտնի կինոնախագծերում, ինչպիսիք են «Սպանված աղավնի», «Մի վախեցիր», «Խաչագողի հիշատակարանը», «Poker.am», «Հինգ հարսնացու», «Անհայտ բաժանորդ», «Մեր սրտի տնակը», «Վերջին ուսուցիչը», «Գարեգին Նժդեհ» և այլն։ Դերասանը խաղացել է նաև Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Երևանի Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում։ Նա նաև Հայաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Երգ երգոց» հայտնի հեռուստահաղորդման հաղորդավարն է։
Լևոնյանը վերջին տարիներին իրեն փորձում է երաժշտական ասպարեզում։ 2021 թվականին Իշխան Ղարիբյանի և Տիգրան Աթայանի հետ թողարկել է «Հույս» ռոք բալլադների ալբոմը։