Ինչու իշխանության գալով տվյալ վարչապետը չհեռացավ ՀԱՊԿ-ից․ Իգոր Սեմյոնովսկի

21 Սեպտեմբերի 2024, 16:10

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի Միջազգային և հանրային իրավունքի դեպարտամենտի ավագ դասախոս Իգոր Սեմենովսկին Alpha News-ի եթերում մեկնաբանել է համահայկական համաժողովում ՀՀ վարչապետի հայտարարությունը ՀԱՊԿ-ի սպառնալիքների մասին:

«Ինչու 30 տարի նման հարցեր չեն հնչել ո՛չ Սարգսյանի, ո՛չ Քոչարյանի, ո՛չ էլ Հայաստանի այլ ղեկավարների օրոք։ ՀԱՊԿ-ը պահակ էր կանգնել, և՛ Ղարաբաղը կար, և՛ Հայաստանի տարածքները չէին տրվում այլ երկրների, և՛ 120 հազար մարդ Ղարաբաղից չէր արտագաղթում Հայաստան։ Եվ այստեղ, չգիտես ինչու, նոր առաջնորդի օրոք տեղի է ունենում այնպիսի բան, որ հենց ՀԱՊԿ-ն է սպառնալիք ներկայացնում ինքնիշխանության համար։ Երևի բանը, այնուամենայնիվ, ոչ թե ՀԱՊԿ-ն է, այլ այդ առաջնորդը, ով նման հայտարարություններ է անում։ Եւ հարց է առաջանում, որ եթե ՀԱՊԿ-ը սպառնալիք է ինքնիշխանության համար, ապա ինչու այդ վարչապետն այնտեղից դուրս չի գալիս։ Ինչու նա իշխանության գալուն պես դուրս չեկավ այնտեղից։ Միգուցե այդ դեպքում պետք է նրան քրեական պատասխանատվության ենթարկել պետական դավաճանության համար և պահանջներ ներկայացնել նման ղեկավարի դեմ:

Վերջին հաշվով հասկանալի է, որ սա արդեն 5 տարի շարունակվող քաղաքական հռետորաբանություն է։ Եվ ամենակոշտ ու սուր հայտարարություններն արվել են համահայկական համաժողովում, որը բավականին ներկայացուցչական է և դիրքավորման առումով բավականին մեծ հարթակ է, քանի որ այնտեղ հավաքվել են աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող հայեր: Պետք է նշել, որ նման առաջնորդներն այդ ֆորումներն օգտագործում են օրակարգը սեփականաշնորհելու համար։ Եվ այդ հարթակն ընտրվել է հատուկ, որպեսզի ամպագոռգոռ հայտարարություն անի, որն այնուհետև տարածում են բոլոր լրատվամիջոցները»,- նշել է նա։
Ըստ փորձագետի՝ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում ՌԴ-ի մասին նման լիովին անհիմն հայտարարություններին ու արտահայտություններին։

«ՌԴ ներկայացուցիչները վաղուց են խոսում այն մասին, որ Ռուսաստանը փորձում է և ձգտում աջակցել Հայաստանին տարբեր հարթակների միջոցով, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն, որպեսզի հայկական պետության հետ լիարժեք երկխոսություն զարգացնի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակների միջոցով։ Դա դրական չի անդրադառնում մեր երկկողմ հարաբերություններին, բայց ստիպված ենք ապրել այն ամենով, ինչ կա», — ընդգծել է քաղաքագետը։

Իգոր Սեմենովսկին միաժամանակ նշել է, որ Հայաստանի նկատելի տնտեսական աճը սկսվել է ներկայիս վարչապետի իշխանության գալուց շատ առաջ, որը փորձում է իրեն վերագրել այդ բոլոր ձեռքբերումները։

«Աշխարհում կան տարբեր պրակտիկաներ և օրինակներ, երբ տնտեսության մեջ ամեն ինչ լավ է, իսկ քաղաքականությունը բոլորովին այլ է։ Եվ պետք է հուսալ, որ Հայաստանի դեպքում քաղաքականությունն իր տեղը կընկնի։ Շնորհիվ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, որի հետ Հայաստանի ներկայիս առաջնորդի հարաբերություններն այնքան էլ լավ չեն ստացվում, Հայաստանում նախանցած տարում նկատելի տնտեսական աճ է գրանցվել՝ 13%, անցյալ տարի՝ 9% և արդեն այս տարվա 1-ին կիսամյակում՝ 10%։ Բայց պետք է նշել, որ դա տեղի է ունեցել ոչ միայն պարոն Փաշինյանի օրոք, սա մի միտում է, որը սկսվել է դեռևս 2014 թվականին ԵԱՏՄ կազմավորման սկզբից։ Եվ հարց է առաջանում՝ որքանով է դա ներկայիս առաջնորդի վաստակը, ով փորձում է այդ նվաճումը վաճառել իր հասարակությանը՝ հայտարարելով, թե ես լավ եմ արել, զարգացնում եմ տնտեսությունը։ Այդ ամենը տեղի է ունենում եվրասիական տարածքում գոյություն ունեցող երկրների համատեղ ջանքերի շնորհիվ», — նշել է քաղաքագետը։