Արցախի՝ շրջափակման մասին ահազանգելու նպատակով Փարիզի հայտնի համերգասրահում կկայանա մշակութային երեկո

15 Հունիսի 2023, 10:50

Հայեր

Արցախի՝ արդեն 200 օր շարունակվող շրջափակման մասին ահազանգելու նպատակով հունիսի 28-ին ժամը 20։00-ին Փարիզի «Գավո» հայտնի համերգասրահում կկայանա մշակութային եզակի երեկո «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» (Arménie, la route de la vie) խորագրով։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ 

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Արցախի ներկայացուցչության և «Արցախի բարեկամների» խմբի նախաձեռնությամբ կազմակերպվող այս բացառիկ երեկոյի ընթացքում ֆրանսիացի շուրջ երկու տասնյակ մտավորականներ, գրողներ և արվեստի գործիչներ կդառնան աշխարհից մեկուսացված արցախահայության խոսնակները և կներկայացնեն վերջիններիս ներկայիս առօրյա իրականությունն ու ապրումները՝ նրանց նամակների ընթերցման միջոցով։ Երեկոյի ընթացքում կհնչեն երաժշտական կատարումներ հայտնի արվեստագետների կատարմամբ»,- նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։