Պատրիկ Ֆիորի. «Հայոց հողում ինչ-որ գրավիչ և խորհրդավոր բան կա»

23 Սեպտեմբերի 2024, 22:14

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Սեպտեմբերի 23-ին ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորիի ծննդյան օրն է։

Նա ծնվել է Մարսելում 1969թ.: Հետագայում ընտանիքի հետ տեղափոխվել է Կորսիկա։ Պատրիկի հայրը զտարյուն հայ է, իսկ մայրը՝ կորսիկուհի։

Ֆիորին առաջին անգամ մեծ բեմում հայտնվել է 12 տարեկանում, երբ հայտնի դերասան Ֆրանկ Ֆերնանդելի անունից նրան հրավիրել են Մարսելի օպերա։

1997 թվականը կարևոր տարի էր երիտասարդ երգչի կարիերայում։ Ֆիորին հայտնվել է ֆրանսիացի հայտնի երգահան Էդդի Մարնեյի լսումներին։

Վերջինս հիանում էՊատրիկի տաղանդով և նրան ծանոթացնում իր գործընկերներ Լյուկ Պլամոնդոնի և Ռիկարդո Կոկիանտեի հետ, որոնք կատարողներ էին փնտրում «Փարիզի Աստվածամոր տաճար» մյուզիքլի համար։

Մի անգամ իր հարցազրույցներից մեկում Ֆիորին խոսել է իր հայկական արմատների մասին.

«Ես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ եմ։ Երկար ժամանակ է պահանջվել, որ հայրս որոշել է մեզ պատմել այս մասին, քանի որ նա չէր ուզում մեզ ցավ պատճառել։ Ես այն ժամանակ 13-14 տարեկան էի։ Մինչ այս մեր տանը այս թեման տաբու էր։ Բայց մի օր պահանջեցի, որ ամեն ինչ ինձ բացատրեն։

Ես միշտ գիտեի, թե որքան մեծ նշանակություն ունի այս հողը հորս համար, և հայրս ամենապայծառ աստղն է ինձ համար: Ցավոք, ես հայերեն չեմ խոսում, դա շատ դժվար է: Բայց ամեն երեկո դուդուկ եմ նվագում, որը հայրս գնել էր Երևանի վերնիսաժից։ Եվ հիմա իմ ոչ մի համերգն ամբողջական չէ առանց այս գործիքի։ Հայաստանն իմ կյանքում ներկա է եղել նույնիսկ նախքան այնտեղ գնալը։ Այդ հողի մեջ ինչ-որ գրավիչ և խորհրդավոր բան կա: Ինձ թվում է, որ դա զգացել է յուրաքանչյուր հայ աշխարհի ցանկացած կետում»,- ասել է Ֆիորին: