Հայաստանի անկախության օրը՝ Լոս Անջելեսի Սարյան մշակութային կենտրոնում

24 Սեպտեմբերի 2024, 22:30

Հայեր | Մշակույթ

Սեպտեմբերի 21-ին Լոս Անջելեսի «Սարյան մշակութային կենտրոնում» նշվել է Հայաստանի անկախության օրը:

Հյուրերի թվում, հատկապես շատ էին այլազգիները, որոնք եկել էին իրենց աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին և միասին նշելու Հայաստանի անկախության օրը: Մուտքի մոտ հյուրերին դիմավորող հայկական տարազով պարմանուհիները, կենտրոնի դահլիճում հնչող «Կոմիտաս» կամերային խմբի ելույթը, հայկական շունչ էր հաղորդել միջոցառմանը:

Հանդիսավարներ Տաթևիկ Էքեզյանն և Արա Ղազարյանն օրվա կարևորությունն ընդգծելով՝ մասնակիցներին հորդորեցին, որ սեպտեմբերի 21-ը ևս նշեն այնպես, ինչպես նշում են ԱՄՆ անկախության տոնը:

Միջոցառմանը ներկա հյուրերին ողջունեցին «Սարյան մշակութային կենտրոնի» հիմնադիր Աշոտ Գեղամյանը և Արմեն Բայբուրդյանը:

Ելույթներով հանդես եկան հայազգի երաժիշտներ, անհատ կատարողներ: Կենտրոնի հիմնադիր Աշոտ Գեղամյանը նպատակ ուներ, որ անկախության օրվա առիթով կենտրոնում նաև հայ նկարիչների ցուցահանդես բացվի: Ընտրությունը մեծ էր: Որոշեց և անցավ գործի: Ընտրեց հայ երկու նկարիչների կտավները և ցուցահանդեսն անկախության օրվան պատրաստ էր: Հանդիսավոր մասի ավարտին հյուրերը ծանոթացան հայ գեղանկարիչներ Ռազմիկ Սամվելս Հաջիկեանի և Տիգրան Հովումյանի աշխատանքներին:

Միջազգայի հարաբերությունների դոկտոր, դիվանագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը կարևորեց, որ անկախության տոնը նշվում է Սարյան կենտրոնում, քանզի անկախությունը սերտորեն առնչվում է մշակույթի հետ:

«Անկախությունն է, որ ազգային ինքնության բարձրակետն է և այսօր այս կենտրոնը սուրբ առաքելություն է ստանձնել ոչ միայն պահպանել հայոց լեզուն, այլ նաև զարգացնել արվեստը» ,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Բայբուրդյանը:

Հայազգի բարեկամ պուերտոռիկացի-ամերիկացի երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերը, միջոցառմանը երգեց իր հայտնի «Ադանան» և հայերեն ՝ «Մարտիկի երգը»:

«Ես սիրում եմ Հայաստանը։ Հայաստանում եղել եմ 2-3 անգամ։ Ես սիրահարվել եմ Հայաստանի ժողովրդին, կարծում եմ, Հայաստանի և ամբողջ աշխարհի բոլոր հայերի համար շատ կարևոր է աջակցել հայ ժողովրդին այս դժվարին ժամանակներում, որ ապրում է»,- Alpha News-ին ասաց Դեքերը:

Միջոցառման ընթացքում նաև տեղի ունեցավ աճուրդ: Գեղանկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի վրձնած, մեծաանուն շանսոնիե Շարլ Անզնավուրի դիմանկարի լիտոգրաֆիան իր ստորագրությամբ, վաճառվեց 1250 ԱՄՆ դոլարով: