Փաշինյանի «Թուրքական տունն» ու «առատաձեռն» Էրդողանը
26 Սեպտեմբերի 2024, 12:00
(Հայաստանը պե՞տք է սպասի նոր ցնցումներ)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ից 27-ը աշխատանքային այցով կգտնվի Միացյալ Նահանգներում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին, թուրքական լրատվամիջոցները հայտնեցին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի Փաշինյանի հետ։
Հայաստանի քաղաքացիներին անծանոթ չէ այն իրավիճակը, երբ երկրին, Փաշինյանի տեղաշարժերին, Հայաստանի Հանրապետության իրական արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող բազմաթիվ նորություններ ստիպված են լինում իմանալ արտաքին, անգամ թուրքական աղբյուրներից, և այս անգամ էլ երկիրն իմացավ Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին ոչ թե կառավարության մամուլի ծառայության հայտարարությունից, այլ թուրքական լրատվամիջոցներից:
Թող ամեն մեկն ինքը որոշի՝ Նիկոլ Փաշինյանը կրկին միտումնավոր ուզում էր ինչ-որ բան թաքցնել իր ժողովրդից, իր ընտրողներից մինչև վերջ, թե «Հայաստանի կարգավիճակի նշաձողն» այնքան է իջեցվել, որ նա, լիովին վստահ չլինելով առաջիկա հանդիպման մասով, մեզ նման թուրքական ԶԼՄ-ներից է իմացել, որ «Էրդողանը հավանություն է տվել իր հետ հանդիպմանը»:
Փաշինյան-Էրդողան հանդիպմանը կա ևս մեկ այլ ուշագրավ նրբություն. աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանը հասցրել է հանդիպել Լեհաստանի և Կիպրոսի նախագահներին, Հնդկաստանի վարչապետին, Միջազգային ճգնաժամային խմբի նախագահին, ինչպես նաև Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին, և այս բոլոր հանդիպումները տեղի են ունեցել ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Սակայն Էրդողանի հետ հանդիպման համար Փաշինյանը այցելել է Նյու Յորքում գտնվող «Թուրքական տուն»։ Թուրքական կենտրոնը ծառայում է ոչ միայն որպես թուրքական կազմակերպությունների կենտրոնակայան, այլ նաև որպես թուրքական մշակույթի կենտրոն։ Այսինքն՝ Փաշինյանը գտել է իր «թուրքական տունը»: Նա նաև նվեր է ստացել Էրդողանից՝ թուրք առաջնորդի «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։
Հատկանշական են նաև հանդիպումից հետո կողմերի տարածած մամուլի հաղորդագրությունները, որտեղ ասվում է, որ կողմերն իբր ընդգծել են՝ «հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը»։ Շատ պարզունակ մարտավարություն է՝ կատարել Անկարայի բոլոր պահանջները, բայց հայտարարել, որ գործընթացն ընթանում է առանց նախապայմանների…
Էրդողանի հետ Փաշինյանի շփումների նախկին փորձը հուշում է, որ Հայաստանը շուտով կգնա հերթական զիջման և կբավարարի Էրդողանի պահանջը (Այդպես էր «2022 թվականի Պրահայի դավադրությունից առաջ», երբ Թուրքիայի ղեկավարը խոսել է Փաշինյանի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին և նշում էր, որ եթե Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ ճանաչվի ՀՀ-ի կողմից, նա կհանդիպի Նիկոլի հետ, կամ էլ 2023 թ-ին, երբ Արցախում տեղի ունեցած էթնիկական զտումներից մի քանի օր առաջ այս երկու քաղաքական գործիչները զրուցեցին ու, ըստ երևույթին, հենց այդ ժամանակ էլ Փաշինյանը հասկացավ, որ «նոր պաշտոնը ստանձնած Սամվել Շահրամանյանին շնորհավորելու շատ պատճառներ չկա»), բայց կասվի, օրինակ, որ դա զիջում չէ, այլ «բարի կամքի ժեստ» կամ էլ «ինքնիշխանության համար պայքարի դրսևորում»։
Ինչպիսի՞ զիջում կարող է լինել։ Օրինակ՝ ռուս սահմանապահների դուրսբերումը հայ-թուրքական սահմանից, ինչի մասին հնարավոր է, որ վերջերս Մարգարա-Ալիջան սահմանային անցակետում կայացած հանդիպման ժամանակ կարող էին խոսել ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Մտածե՛ք այդ մասին…»։