Կոնգրեսական Ադամ Շիֆն Արցախի պաշարման հարցով կրկին դիմել է ԱՄՆ նախագահին
15 Հունիսի 2023, 14:30
Կոնգրեսական Ադամ Շիֆը ևս մեկ անգամ նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով քայլեր ձեռնարկել Արցախի պաշարմանը վերջ դնելու և Արցախի ու Հայաստանի բնակչության վրա ադրբեջանական շարունակվող հարձակումները կասեցնելու հարցերով։ Նամակի մեջ Շիֆը մտահոգություն է հայտնել, որ անպատիժ մնացող Բաքվի բռնատիրական վարչակարգը շարունակում է էթնիկ զտման իր քաղաքականությունը՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը։
Կոնգրեսականը նաև ցավ է հայտնել, որ Արցախի հայության ճակատագիրը խաղաթղթի է վերածվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքում՝ շեշտելով, որ միայն Միացյալ Նահանգներում և Եվրոպական Միությունում նրանց դաշնակիցների միջամտության շնորհիվ հնարավոր կլինի խաղաղություն ապահովել Հայաստանի և Արցախի բնակչության համար։
Շիֆը հորդորել է պատժիչ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումների և Արցախը պաշարված պահելու՝ Բաքվի կեցվածքի դեմ, ապահովել հայազգի պատերազմի գերիների տուն վերադարձը և երաշխավորել Արցախի հայության ինքնորոշման տարրական իրավունքի իրացումը։
Հիշեցնենք. նախորդ տարվա ապրիլին Ադամ Շիֆը Կոնգրեսին էր ներկայացրել Միացյալ Նահանգների կողմից Արցախի անկախության և ինքնորոշման իրավունքի ճանաչմանը վերաբերող բանաձևը։