Հայերի, ասորիների և հույների ցեղասպանության թեման կդասավանդվի Ավստրալիայի նահանգներից մեկում
27 Սեպտեմբերի 2024, 13:51
Հաստատվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի դպրոցներում 7-10 դասարաններում պատմություն առարկայի վերաբերյալ նոր ծրագրի վերջնական տարբերակը: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի կոմիտեն:
Ծրագիրը ներառում է «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրալիայի քաղաքացիական գործողությունների և մարդասիրական օգնության» պարտադիր ուսումնասիրությունը:
Առարկան կներդրվի 2027 թվականին, ինչի շնորհիվ Նոր Հարավային Ուելսի դպրոցների բոլոր աշակերտները կիմանան հասարակ ավստրալացիների և նորզելանդացիների մասին, որոնք մարդասիրական գործունեություն են ծավալել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և մասնակցել են Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունից փրկվածներին փրկելու նախաձեռնություններին:
Առարկան ուսումնական ծրագրում ընդգրկելու որոշումը կայացել է այն բանից հետո, երբ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր խորհուրդը միաձայն ընդունել է առաջարկը, որը կոչ է անում պարտադիր ուսումնասիրել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները և ստեղծել թանգարան: Բացի այդ, ավելի քան 25 ուսուցիչ նամակ է ստորագրել՝ կոչ անելով առարկան ներառել ուսումնական ծրագրում:
«Սա Հայոց ցեղասպանության ճանաչման նոր դարաշրջանի սկիզբն է, որտեղ առանցքային դեր են խաղալու իրազեկվածությունն ու կրթությունը` hնարավորություն տալով ապագա սերունդներին տեղեկանալ 1915թ. ցեղասպանության ժամանակ մարդասիրության մասին: Մենք նաև գիտելիքներով զինում ենք աշակերտներին ապագա ոճրագործություններին դիմակայելու համար», — ասել է Մայքլ Քոլոքոսյանը՝ Ավստրալիայի Հայ Դատի կոմիտեի գործադիր տնօրենը:
Համատեղ իրավական նախաձեռնությունը ձևավորվել է 2020 թվականի փետրվարի 25-ին պատմական Փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամանակ։