Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվում է Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը

15 Հունիսի 2023, 20:50

Մշակույթ

Հունիսի 22-ից Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ ցուցադրությունն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը:

«Վերանորոգված և արդիականացված սրահներում հանրությանն են ներկայացվում շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր՝ հայկական և աստվածաշնչյան թեմաներով կտավներ, խաղաղ ու քնարական, խռովահույզ ու փոթորկոտ, խորհրդավոր քողով պարուրված գիշերային ծովի տեսարաններ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»:

Հովհաննես Այվազովսկին ստեղծել է ավելի քան 6000 կտավ, հիմնականում` ծովանկարներ: Հանճարեղ ծովանկարիչը վախճանվել է 1900 թվականին, թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում: