Մոսկվայի հեղինակավոր հարթակներում կանցկացվի «PARAJANOV Fest» մասշտաբային փառատոնը

01 Հոկտեմբերի 2024, 17:07

Մշակույթ

Աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի առթիվ Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնը և Մոսկվայում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնը ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում են «PARAJANOV Fest» մասշտաբային փառատոնը, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-30-ը Մոսկվայի հեղինակավոր հարթակներում:

Փառատոնի առաքելությունն է արտացոլել մեծ վարպետի ստեղծագործությանը բնորոշ բարձր հոգևոր իդեալները, նրա փիլիսոփայության գեղեցկությունը և արվեստում բարոյականության և մարդասիրության բարձր աստիճանը: Փառատոնին կմասնակցեն մշակույթի և արվեստի հայտնի գործիչներ, կբացվի «Փարաջանովի ստվերները» բացառիկ ցուցահանդեսային նախագիծը, որտեղ կներկայացվի ժամանակակից նկարիչների 100 աշխատանք՝ նվիրված ռեժիսորի 100-ամյակին: Դրանք տարբեր ժանրերի գործեր են՝ գեղանկարչությունից, քանդակագործությունից մինչև կոլաժ և հեղինակային զգեստներ:

Փառատոնին կներկայացվեն հայտնի լուսանկարիչներ Յուրի Մեչիտովի և Վիկտոր Բաժենովի աշխատանքները, Տատյանա Դանիլյանցի «Վենետիկի ընծաները՝ Սերգեյ Փարաջանովին» նախագիծը, տեղի կունենա հայ անվանի դիզայներ Լիլիթ Մելիքյանի «Փարաջանովի յոթ խորհրդանիշները» հեղինակային հավաքածուի ցուցադրությունը, «Արարատ բենդ» համույթի ելույթը: Նախատեսվում են Փարաջանովի կյանքի և ստեղծագործության մասին վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ՝ «Ես մահացել եմ մանուկ հասակում», «Օրփեոսը իջնում է դժոխք», «Իմ աշխարհում», «Նռան գույնը» ֆիլմի հետահայաց ցուցադրություն, Փարաջանովի թատրոնի «Ես վրեժ կլուծեմ աշխարհից սիրով» բեմադրությունը, ԱՐՏ-ինստալյացիաներ և պերֆորմանսներ, մուլտիմեդիա միջոցառումներ, ստեղծագործական հանդիպումներ արվեստի անվանի վարպետների հետ, կլոր սեղաններ, մամուլի ասուլիսներ:

Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 30-ին ռուսական բանակի կենտրոնական տան Սյունազարդ դահլիճում կայանալիք Փարաջանովյան գալա համերգով՝ ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի, պարահանդեսային պարերի աշխարհի չեմպիոններ Արսեն Աղամալյանի և Օքսանա Վասիլևայի, Մարգարիտա Պոզոյանի, Նարեկ Գևորգյանի, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի մասնակցությամբ, դիզայներ Նաիրա Հարությունյանի և այլ արտիստների հեղինակային հավաքածուի ցուցադրությամբ:

Փառատոնի նախագահը Մոսկվայի Ս. Փարաջանովի անվան թատրոնի հիմնադիրն է՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն:

Փարաջանովի հոբելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներառվել է 2024 թվականի նշանակալի իրադարձությունների օրացույցում։