Ընթանում է տարածքի մաքրում. Ալեքսանդր Ցինկերը` Լիբանանում Իսրայելի ցամաքային գործողության մասին
01 Հոկտեմբերի 2024, 22:30
Իսրայելում Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Լիբանանում Իսրայելի ցամաքային գործողությունը:
«Որքանով մենք կարող ենք դատել ռազմաքաղաքական կաբինետի ղեկավարության խոսքերից, ենթադրվում է մասնակի ռազմական գործողություն, ընդ որում՝ կարճաժամկետ։ Ես կարծում եմ, որ ենթադրվում է Հարավային Լիբանանում, այսպես կոչված, բուֆերային գոտու ստեղծում, մոտավորապես Իսրայելի սահմանից մինչև Լիտանի գետը, ՄԱԿ-ի 1701 որոշմամբ պետք է դուրս բերվեն բոլոր զորքերը, բացի Լիբանանի գործող բանակից, որը գործնականում գոյություն չունի։
ՄԱԿ-ի 1701 որոշումը 2006 թվականի որոշում է, ըստ որի՝ «Հեզբոլլահ»-ի զորքեր չպետք է լինեին այնտեղ: Եվ չգիտես ինչու, 2006-ից մինչև 2024 թվականը ոչ ոք դրանով չի զբաղվել։ Ահա Իսրայելն ուզում է դրանով զբաղվել և մաքրել այդ գոտին, որպեսզի այնտեղ բուֆերային գոտի լինի, ուստի այն պետք է մաքրել «Հեզբոլլահ»-ի հրոսակախմբերից»,-ասել է Ցինկերը։
Նա նաև նշել է, թե ամենահետաքրքիրն այն է, որ գործողությունները շարունակվում են 24 ժամ, բայց գոնե կոնկրետ առճակատման կարիք չի եղել, դեռ փոխհրաձգություն չի եղել, նրանք առայժմ խուսափում են։ «Այս օրվա ընթացքում դեռևս ռազմական բախումներ չեն եղել Իսրայելի բանակի և «Հեզբոլլահ»-ի զինյալների միջև, դեռևս փոխհրաձգություններ չեն եղել։ Առայժմ տարածքի մաքրում է ընթանում», — նշել է Ցինկերը։
Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմի հավանականությանը, ապա, ըստ փորձագետի, Իրանը շահագրգռված չէ այդ պատերազմով:
«Որքան ես հասկանում եմ, Իրանն այնքան էլ շահագրգռված չէ այս պատերազմով, քանի որ հասկանում է՝ այդ ժամանակ Իսրայելը կպատասխանի նաև Իրանին։ Իսկ այն իրավիճակը, որում այսօր գտնվում է Իրանը, այնքան էլ չի դրդում նոր ղեկավարությանը, նոր նախագահին նման ռազմական գործողություններ սկսել։ Իրանին կանգնեցնում է այն իրավիճակը, որում ինքը հայտնվել է, և վտանգը, որ ի պատասխան Իսրայելը կսկսի ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ: Եվ նրա համար ամենասարսափելին այն է, որ Իսրայելի դաշնակիցները՝ Միացյալ Նահանգները, որոնք նավատորմն ու սուզանավային ատոմային նավն իջեցրել են Միջերկրական ծով, պատասխան կտան Իրանին։ Այս ամենը կանգնեցնում է Իրանին», — եզրափակել է Ցինկերը։