«Այվազովսկի. Հանճարը և ծովը 2.0» ցուցահանդեսում ներկայացվելու են նաև հայկական թեմաներով կտավներ

10 Հոկտեմբերի 2024, 15:08

Մշակույթ

Եկատերինբուրգի Սվերդլովսկի կինոստուդիայում հոկտեմբերի 18-ից դեկտեմբերի 8-ը կանցկացվի մուլտիմեդիա ցուցահանդես՝ նվիրված հայազգի ականավոր ծովանկարիչ, կոլեկցիոներ և բարերար Հովհաննես Այվազովսկու ստեղծագործություններին: Այվազովսկու բնօրինակները և հսկա ծովամարտը ներկայացված են «Այվազովսկի. Հանճարը և ծովը 2.0» ցուցահանդեսում: Այս մասին գրում է gorodzovet.ru-ն:

2020 թվականին մեծ ծովանկարչի մասին ֆիլմն արդեն հասել էր Ուրալ, բայց համաճարակի պատճառով դրա ցուցադրությունը դադարեցվել էր։ Եվ ահա, 4 տարի անց նորացված և լրացված մուլտիմեդիա ցուցահանդեսը, եկատերինբուրգցիների բազմաթիվ խնդրանքներով, կներկայացվի ևս մեկ անգամ։ Նախագծի ստեղծման համար օգտագործվել են 100 բնօրինակներ Թեոդոսիայի պատկերասրահից, Ռուսական թանգարանից, Տրետյակովյան պատկերասրահից և Ռուսաստանի այլ թանգարաններից, որոնք ներկայացվել են թվային և անիմացիոն ձևաչափերով: Ֆիլմի եզակի սցենարը, որում համադրվել են հայտնի ծովանկարչի կյանքի և ստեղծագործության խնամքով ընտրված, այդ թվում՝ հազվագյուտ փաստերը, պատրաստվել է Այվազովսկու ստեղծագործության ուսումնասիրությամբ զբաղվող անվանի արվեստաբան-փորձագետների աջակցությամբ։

Ֆիլմը նաև հետաքրքիր է նրանով, որ չի սահմանափակվում Այվազովսկու ստեղծագործության ծովային թեմատիկայով: Հայտնի են գեղանկարչի բազմաթիվ կտավներ պատմական և կրոնական թեմաներով, որոնք հիմնականում վերաբերում էին այն երկրին ու ժողովրդին, որին նկարիչը էթնիկորեն պատկանել է՝ չքնաղ Հայաստանին, ինչը նրա ստեղծագործական կենսագրության քիչ հայտնի փաստ է: