«Հարազատս հյուսիսից». Վոլգոգրադ. Մաս 1-ին
17 Հոկտեմբերի 2024, 22:00
«Հարազատս հյուսիսից» նախագծի հերթական համարում Alpha News-ը ներկայացնում է Վոլգոգրադ քաղաքի հայ համայնքի կյանքը, այստեղ է նաև աշխարհում երկրորդ Գառնու տաճարը։
Այս քաղաք վայրէջք կատարելիս առաջին բանը որ պետք է իմանալ, այն է, որ Վոլգոգրադը պատերազմից հետո վերակառուցել է հայ ճարտարապետ։ Հայրենական մեծ պատերազմի ամենավճռական մարտերից մեկն է տեղի ունեցել Վոլգայի ափին գտնվող այս քաղաքում։ Սովետական բանակի հաղթանակին մեծ նպաստ են բերել նաև հայկական դիվիզիաները, և հիմա քաղաքում կան փողոցներ՝ Դվին, Կարս, Երևանյան, որոնք անվանակեչվելով են հենց այդ դիվիզիաների պատվին։
Հեթանոս հայերի արևի Աստծուն նվիրված տաճարի՝ Գառնու նմանությամբ կառույց կա նաև Ռուսաստանի այս քաղաքում, այն Ստալինի նվերն է հայ ճարտարապես Հալաբյանին։ Շենքը հիմա ձևափոխվել է, ներսում կառուցվել է ռեստորան, իսկ խորհրդային տարիներին այստեղ բացօթյա սրճարան է եղել և կոչվել՝ Գառնի։
Վոլգոգրադի հայկական գլխավոր հասցեն Սուրբ Գևորգ եկեղեցին է և Հայորդյաց տունը, որը հենց եկեղեցու բակում է։ Սուրբ Գևորգը կառուցվել է 2002 թ-ին, բայց շինարարությունը սկսվել է 2000 թ-ին։ Այնուհետև այստեղ է եկել այսօրվա թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը և առաջարկել մատուռը վերակառուցել, որպեսզի եկեղեցի դառնա։ Ավելի ուշ եկեղեցու տարածքում կառուցվել է Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, կանգնեցվել է նաև խաչքար՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության պետական ընդունման 1700-ամյակին։ Իսկ արդեն անցյալ տարի՝ 2023թ-ին տեղադրվել է խաչքար՝ արցախյան 44-օրյա պատերազմին զոհված մեր հայորդիների հիշատակին։ Իսկ Հայորդյաց տանը երեխաները սովորում են հայոց լեզու, պատմություն, կա նկարչության, երգի-պարի խմբակ։ Այլ կերպ ասած՝ հոգևոր ու ազգային կյանքն այստեղ եռում է։
«Հայ եկեղեցին հատկապես Սփյուռքում մի քանի առաքելություն ունի՝ պատասխանատու, բայց նաև ծանր՝ Ավետարանի քարոզչություն, Տիրոջ լույսը մարդկանց սրտերին ու հոգիներին հասցնել, փրկության ճանապարհը ցույց տալ, որը եկեղեցու ամենամեծ առաքելությունն է, և մարդկանց դեպի Աստված բերել։ Շատ կարևոր է նաև ազգապահպանությունը, որպեսզի հայ հայ մնա, հայերեն աղոթի, խոսի ու երգի»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Վոլգոգրադի մարզի հայկական համայնքի հոգևոր հովիվ Տեր Մաղաքյա քահանա Օհանյանը։