Արման Տիգրանյանը՝ Ջոակինո Ռոսինիի «Իտալուհին Ալժիրում» օպերայի դիրիժոր

13 Հոկտեմբերի 2024, 11:45

Հայեր | Մշակույթ

Ջոակինո Ռոսինիի «Իտալուհին Ալժիրում» առաջին լիամասշտաբ օպերան Մարիինյան թատրոնի բեմում կներկայացվի հոկտեմբերի 13-ին: Ներկայացման դիրիժորը կլինի Արման Տիգրանյանը:

Դիրիժոր Արման Տիգրանյանը ծնվել է Մոսկվայում, ջութակ նվագել սովորել է հոր՝ Աշոտ Տիգրանյանի ղեկավարությամբ, այնուհետև սովորել է Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցում, Բալթիմորի Պիբոդիի կոնսերվատորիայում (Վիկտոր Դանչենկոյի դասարան), Մարսելի կոնսերվատորիայում (Ժան Տեր-Մերգերյանի դասարան) և Կարլսրուեի երաժշտական բարձրագույն դպրոցում, որը գերազանցությամբ ավարտել է 2009 թվականին։

2009 թվականից դիրիժորություն է սովորել Ֆրայբուրգի երաժշտության բարձրագույն դպրոցում, 2011-2016 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայում (Վլադիմիր Պոնկինի դասարան)։

Արման Տիգրանյանը ղեկավարել է Բեռլինի ֆիլհարմոնիկ կամերային նվագախումբը, Արևմտյան Սաքսոնիայի սիմֆոնիկ նվագախումբը, Հալլեի պետական կապելլան (Գերմանիա), Թագավորական երաժշտական ակադեմիայի սիմֆոնիկ նվագախումբը (Լոնդոն), լեհական Sinfonia Varsovia և Sinfonietta Cracovia նվագախմբերը, Կորեայի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը և այլն:

2017-2018 թվականներին եղել է Palermo Classica (Իտալիա) փառատոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, որի շրջանակներում հանդես է եկել բազմաթիվ հայտնի մենակատարների հետ:

Հիմա եթերում