«Հայկական ներկապնակ» ցուցահանդեսը՝ Նիժնի Նովգորոդում

14 Հոկտեմբերի 2024, 19:26

Մշակույթ

Նիժնի Նովգորոդի «Ռեկորդ» մշակույթի կենտրոնում հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 17-ը տեղի կունենա«Հայկական ներկապնակ» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի և Ռուսաստանի ժամանակակից հայ նկարիչների ստեղծագործություններն՝ ընդգրկելով 20-րդ դարի կեսերից մինչև 21-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածը։

Ցուցահանդեսը բաղկացած է երկու բաժիններից. այն իր մեջ ներառում է մոսկվաբնակ հայտնի նկարչուհի, բանաստեղծուհի և մշակութաբան Նինա Գաբրիելյանի անհատական ցուցահանդեսը և հայտնի կոլեկցիոներ Էդուարդ Ոսկանյանի հավաքածուից գեղանկարներ և գրաֆիկական աշխատանքներ։

«Ռեկորդ» մշակույթի կենտրոնի առաջին հարկում կներկայացվեն 12 հեղինակների աշխատանքներ, որոնք արվել են տարբեր ժամանակներում և արտացոլում են գեղանկարչության տարբեր հոսանքներ՝ սոցռեալիզմից և իմպրեսիոնիզմից մինչև աբստրակցիա և ժամանակակից ավանգարդ:

Արվեստասերները կծանոթանա նՀայաստանի ժողովրդական նկարիչներ Էդուարդ Արծրունյանի և Արկո Բաղդասարյանի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Մինասյանի, ինչպես նաև Ռուսաստանում և արտերկրում ապրող հայտնի այնպիսի վարպետների ստեղծագործություններին, ինչպիսիք են Գրեգոր Դանիելյանը, Ռազմիկ Հակոբյանը, Ազատ Ազատյանը, Բորիս Օտարովը և այլք: Կենտրոնի երկրորդ հարկում կներկայացվի Նինա Գաբրիելյանի գեղանկարչության անհատական ցուցահանդեսը: