Սպերցյանը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ
15 Հոկտեմբերի 2024, 18:50
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մտադիր է ավարտել 2024/25թթ․ մրցաշրջանը «Կրասնոդար»-ի կազմում։ Այս մասին հաղորդում է Евро-Футбол-ը:
Հաղորդվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ, որոնցից շատերն ակտիվորեն հետևում են հայ ֆուտբոլիստի ելույթներին։
Սպերցյանը, չնայած եվրոպական ակումբների հետաքրքրվածությանը, մտադիր է մնալ «Կրասնոդար»-ում, օգնել թիմին հասնել հաջողության և նվաճել իր առաջին տիտղոսը ռուսական ակումբում։
«Կրասնոդար»-ը ՌՊԼ-ի 11 տուրից հետո 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով «Լոկոմոտիվ»-ին լրացուցիչ ցուցանիշներով։ Նախորդ մրցաշրջանում «ցուլերը» զբաղեցրել էին երկրորդ հորիզոնականը՝ զիջելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ին ընդամենը մեկ միավորով։
Սպերցյանի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։