Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ցորենի փոխարեն բրինձ՝ ավելի անվտանգ լինելու համա՞ր

16 Հոկտեմբերի 2024, 16:05

 

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի՝ օրերս արված հայտարարությունը (ցորենը, որպես ռազմավարական ապրանք բրնձով փոխարինելու վերաբերյալ) տարակուսանք է առաջացրել։ Առաջին հերթին, հատկապես այն հիմնավորման տեսանկյունից, »որպեսզի թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները», պետք է նշել, որ բրինձը, ինչպես և ցորենը ներկվրող ապրանքատեսակ է, ուստի եթե մտավախությունը թիրախավորումն է, մեղմ ասած, այդ խնդիրն այդպիսով չի լուծվի: Բայց, իրականում նման փոփոխության հավանականության մասին խոսքն ունի շատ ավելի լայն խորքեր՝ սկսած սոցիալ-հոգեբանական, մշակութային, սովորույթների հարթությունից, մինչև տնտեսական բաղադրիչ: Եթե անդրադառնալու լինենք վերջինին, ապա ամենապարզ համեմատությունը. ցորենի մեկ կգ մաքսային արժեքը 4.5 անգամ էժան է բրնձի մեկ կգ մաքսային արժեքից:

2023թ-ին ՀՀ ներմուծվել է մոտ 345 000 տոննա ցորեն և մոտ 10 000 տոննա բրինձ: Ստացվում է, որ ցորենի ներմուծման ծավալները, ենթադրենք, բրնձով փոխարինելու պարագայում, տասնյակ անգամներով ավելի շատ ծավալով թանկ ապրանք կներմուծվի: Սա, բնականաբար, շղթայաբար կանդրադառնա բրնձով պատրաստված մյուս ապրանքների գների վրա:

2023թ-ին բրինձ ՀՀ ամենաշատը ներմուծվել է Թաիլանդից, ՌԴ-ից: Ներմուծումներ ունենք նաև Պակիստանից, Հնդկաստանից, Իտալիայից, Չինաստանից, Եգիպտոսից: Եվրոպական մի քանի երկրներից, ԱՄՆ-ից և ասիական որոշ երկրներից՝ անհամեմատ ցածր ծավալներով: Հետաքրքիր է, որ չնայած Թաիլանդն է առաջատարը, սակայն բրնձի պարագայում ՌԴ-ից ներմուծված մեկ կգ բրնձի մաքսային արժեքն ավելի ցածր է:

Ինչ վերաբերում է ցորենի ներմուծմանն, ապա ՀՀ ՊԵԿ տվյալներով ՝2023թ-ին Հայաստան ցորեն ներմուծվել է ՌԴ-ից, Հունգարիայից և Ղազախստանից: Վերջին երկուսի մասնաբաժինը՝ շատ ցածր:

2024թ-ի առաջին կիսամյակի տվյալներով, օրինակ, ՀՀ ցորեն ներմուծվել է բացառապես ՌԴ-ից:

Ամփոփելով, նշենք, որ ցորենը բրնձով փոխարինելու վերաբերյալ գաղափարը ոչ միայն իրատեսական չէ, այլև՝ տնտեսապես ոչ շահավետ: Իհարկե, պարենային, տնտեսական անվտանգության վերաբերյալ մոտեցումներ են պետք մշակել, գործողություններ անել, որոնք ուղղված կլինեն սեփական ինքնաբավության մեծացմանը, ոչ թե մեկ ներմուծվող ապրանքն այլ ներմուծվողով փոխարինելուն:

Եվ եթե իշխանությունների՝ անվտանգության պատկերացումներն այնուամենայնիվ այպիսին են, ապա մենք անվտանգության այդ բաղադրիչի հետ ունենք շատ ավելի մեծ խնդիրներ: