Ս. Դիոնիսիոս Արիսպագացու, Տիմոթեոս և Տիտոս առաքյալների հիշատակության օրն է այսօր
17 Հոկտեմբերի 2024, 12:45
Ըստ ավանդության՝ Դիոնիսիոս Արիսպագացին Պողոս առաքյալի աշակերտն (Գործք 17:34) ու Աթենքի նորահաստատ եկեղեցու առաջին եպիկոպոսն է եղել: Դարձի է եկել Աթենքի Արիսպագոսում, Ս. Պողոս առաքյալի քարոզը լսելուց հետո: Նա ականատեսն է Տիրոջ խաչելության ժամանակ տեղի ունեցած խավարման ու Ս. Աստվածածնի Վերափոխման: Ս. Դիոնիսիոսն Աստծո խոսքը տարածել է Հռոմում, Գերմանիայում, Իսպանիայում, Գալիայում (Ֆրանսիա): Նրա անունով հայտնի են բազմաթիվ աստվածաբանական երկեր:
Ս. Տիմոթեոսը Քրիստոսի 72 աշակերտներից է: Ծնվել է Լյուստրա քաղաքում: Նա եղել է Պողոս առաքյալի մերձավոր աշակերտներից, ում հաճախ առաքյալն իր թղթերում «սիրելի որդի» է կոչում: Քրիստոնեական դաստիարակություն է ստացել մոր և տատի շնորհիվ, քանզի հայրը հեթանոս էր: Երբ Ս. Պողոս առաքյալը բժշկում է ի ծնե կաղին, նա հավատում է Հիսուս Քրիստոսին և դառնում առաքյալի ուղեկիցը: Ս. Պողոս առաքյալը Եփեսոսում նրան ձեռնադրում է եպիսկոպոս: Տիմոթեոսին են ուղղված Ս. Պողոս առաքյալի երկու թղթերը: Քարկոծվել է Դիանա չաստվածուհու տոնի ժամանակ` փորձելով հեթանոսներին ետ պահել դիվական զվարճություններից` քարոզելով Աստծո խոսքը: Նա նահատակվել է 96-98 թվականներին, Եփեսոսում:
Ս. Տիտոսը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Ծնունդով Կրետեից է, հեթանոս ընտանիքի զավակ: Դեռ երիտասարդ տարիքից ճշմարտությունը գտնելու համար ուսումնասիրել է հույն փիլիսոփաներին, սովորել եբրայերեն` Հին Ուխտի գրքերը կարդալու համար: Լսելով ու հավատալով Հիսուս Քրիստոսին` դարձել է նրա աշակերտը` գործակցելով Ս. Պողոս առաքյալի հետ: Վերջինիս կողմից ձեռնադրվել է Կրետեի եպիսկոպոս: Նրան է ուղղված Պողոսի նամակներից մեկը: Եղել է իր հոտի քաջ պաշտպանը, տարածել է Աստծո խոսքն ու հրաշագործություններ կատարել: