Մայքլ Հակոբ Հակոբյան․ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր ստեղծողը

20 Հոկտեմբերի 2024, 23:30

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հոկտեմբերի 20-ը ամերիկահայ հայտնի ռեժիսոր և գրող Մայքլ Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է։

Մայքլ Հակոբ Հակոբյանը ծնվել է վիրաբույժի ընտանիքում 1913 թվականի հոկտեմբերի 20-ին Խարբերդում (Արևմտյան Հայաստանում)։

1915 թվականին մանկահասակ Մայքլը հրաշքով փրկվել է Հայոց ցեղասպանությունից։ 2-ամյա տղային պաշտպանելու համար հայրը երեխային երկու օր թաքցրել է ջրհորի մեջ։ 1922 թվականին, նրանց ընտանիքին հաջողվել է Թուրքիայից գաղթել ԱՄՆ։ Նրանք բնակություն են հաստատել Կալիֆորնիայում։

Բերքլիի համալսարանում Հակոբյանին հաջողվել է հրաշալի կրթություն ստանալ քաղաքագիտության ոլորտում, ավելի ուշ նա երկու տարի շարունակ եղել է Հարավային Կարոլինայի համալսարանի ասպիրանտ՝ կինոարվեստի ուղղությամբ:

Հակոբյանը քաղաքագիտություն և տնտեսագիտություն է դասավանդել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում, Բեյրութի Ամերիկյան համալսարանում, Բենարեսի հինդուիստական համալսարանում, Օրեգոնի պետական համալսարանում:

1954 թվականից ռեժիսորը սեփական սցենարով վավերագրական և ուսուցողական ֆիլմեր է նկարահանել հեռուստատեսության և կրթական նպատակներով Հնդկաստանի, Նիգերիայի, Մերձավոր Արևելքի և ամերիկացի հնդկացիների ժողովուրդների և մշակույթի մասին, որոնցից մի քանիսը կինոփառատոններում արժանացել են տարբեր մրցանակների:

60-ականների կեսերին Հակոբյանը սկսել է ֆիլմեր նկարահանել Հայոց ցեղասպանության մասին։ Նա երկու անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի «Մոռացված ցեղասպանություն» ֆիլմի համար։

Ռեժիսորը նաև «Ու՞ր է իմ ժողովուրդը», «Պատմական Հայաստան» և այլ ֆիլմերի հեղինակն է։ 1979թ. հիմնադրել է հայկական կինոյի հիմնադրամը, որը զբաղվում է հայկական ժառանգության փաստագրմամբ:

Հակոբյանը վավերագրել է շուրջ 400 հարցազրույց Հայոց ցեղասպանությունը վերապրածների և ականատեսների հետ ամբողջ աշխարհից և նկարահանել է 17 վավերագրական ֆիլմ հայկական ժառանգության, մշակույթի և պատմության մասին

Հեղինակել է ավելի քան 70 ֆիլմ, որոնք արժանացել են առնվազն 150 ժողովրդական և միջազգային մրցանակների:

Մայքլ Հակոբ Հակոբյանը կյանքից հեռացել է 2010 թվականի դեկտեմբերի 10-ին: