Եթե Ադրբեջանը կանոնակարգը չվավերացնի, այն որևիցե իրավական ուժ չի ունենալու․ Վահե Գրիգորյան

22 Հոկտեմբերի 2024, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Ողջամիտ կասկած է ծագում, թե ինչպես էր լինելու հարցը, եթե օրինակ Սահմանադրական դատարանը կայացներ որոշում, որով կանոնակարգը կլիներ Սահմանադրությանը հակասող։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Սահմանադրական հարցերով փորձագետ Վահե Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին։

«Սահմանադրականության հարցը որոշում է Սահմանադրական դատարանը։ Վերջինս տվել է որոշում, որով այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխան, բայց այստեղ մի կարևոր առանձնահատկություն կա։ Այս կանոնակարգով նախատեսված որոշակի գործողություններ կատարվել էին մինչև Սահմանադրական դատարանի որոշումը, և ողջամիտ կասկած է ծագում, թե ինչպես էր լինելու հարցը, եթե օրինակ Սահմանադրական դատարանը կայացներ որոշում, որով այս կանոնակարգը կլիներ Սահմանադրությանը հակասող։ Ֆիկտիվ տեսանկյունից, այո, կանոնակարգը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն բազմաթիվ ընթացակարգեր կարելի է ասել, որ դրա առնչությամբ խախտվել են»,- նշել է Գրիգորյանը։

Ըստ փորձագետի՝ եթե Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը, այն որևիցե իրավական ուժ չի ունենալու։

«Բաքուն չի սկսել գործընթաց, իսկ Հայաստանը շատ արագ կերպով փորձում է այն վավերացնել։ Հայաստանի համար վավերացված կանոնակարգն ունենալու է ուժ, սակայն նման կանոնակարգերի դեպքում փոխադարձ ծանուցումների մեխանիզմով է պայմանավորված դրա ուժի մեջ մտնելը։ Հետևաբար կանոնակարգի վավերացումն ինքնին դրա ուժի մեջ մտնելու պարտադիր պայման չէ, և Ադրբեջանի չվավերացման դեպքում՝ այսինքն դրանով պայմանավորված ծանուցումների բացակայության դեպքում կանոնակարգը որևիցե իրավական ուժ չի ունենալու։

Կա տարածված մոլորություն, որ այս կանոնակարգը նույնացվում է խաղաղության համաձայնագրի հետ, ինչն ընդհանրապես իրականության հետ կապ չունի, և դրանով պայմանավորված ահա այս փաստաթղթում պետք է քննարկվի Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների վերադարձի հարցը, ինչը սխալ մոտեցում է։ Կարծում եմ , որ այդ հարցը պայմանական Խաղաղության պայմանագրի քննարկման առարկա պիտի հանդիսանա»,- եզրափակել է Գրիգորյանը։