Բլինքենը հայաստանանպաստ աշխատանք չի տանում. Արթին Սուքիասյան
25 Հոկտեմբերի 2024, 13:00
«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյա սարսափելի կերպով հալածվեց և բռնի տեղահանվեց Արցախից: Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը»: Երեկ Truth-ում այսպիսի գրառում է արել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:
Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է իրավաբան Արթին Սուքիասյանի հետ:
«ԱՄՆ-ում նախընտրական շրջան է, բոլորը շատ սիրուն հայտարարություններ կանեն, միշտ այդպես է: Խնդիրն այն է, որ հայ համայնքը ավելի շատ դեմոկրատներին է աջակցել, քան հանրապետականներին: Տարիների ընթացքում Հայ Դատի աջակիցները ավելի շատ դեմոկրատական պատգամավորներ են եղել, քան հանրապետականներ: Ոչ թե հայերը, հայկական կազմակերպությունները չեն ուզեցել հանրապետականների հետ աշխատել, ուղղակի դեմոկրատներն են ավելի աջակցող եղել»,- բացատրել է մեր զրուցակիցը:
Իրավաբանի խոսքով՝ ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երբեք հայանպաստ գործունեություն չի ծավալել:
«Արտաքին գործերի հետ կապված բոլոր աշխատանքները տրված են Բլինքենին: Նա, իմ կարծիքով, հայաստանանպաստ աշխատանք չի տանում: Դեմոկրատ լինելով՝ իմ ամենամեծ խնդիրը Էնթոնի Բլինքենի պաշտոնի մնալն է: Ես հույս ունեմ՝ եթե Քամալա Հարիսը ընտրվի, հավանականությունը քիչ է, բայց Էնթոնի Բլինքենին կհանի պաշտոնից:
Մենք հիմա ունենք երկու թեկնածու՝ մեկը դոմոկրատ, որն աջակցում է Հայաստանի այսօրվա իշխանությանը և խաղաղության պայմանագրին, որին ես ամբողջովին դեմ եմ: Ունենք Թրամփ, որ իր նախագահության օրոք այդքան մեծ աշխատանք չտարավ Հայաստանի համար»,- ասել է Արթին Սուքիասյանը:
Նա նաև նշել է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամեն ինչ արեց, որ ԱՄՆ-ում պառակտի հին Սփյուռքը:
«Վերջին 6 տարվա մեծ խնդիրն այն է՝ երբ փաշինյանենք եկան իշխանության, իրենց աշխատանքը սկսեցին Մխիթար Հայրապետյանով: Ինքը շատ երիտասարդ, առանց փորձառության էր: Մենք Գլենդելում իրեն շատ լավ դիմավորեցինք և ինքն ասաց՝ ուզում ենք Սփյուռքին օգնենք, հարցրինք՝ ինչքա՞ն բյուջով, ասաց՝ մեկ միլիոն դոլար: ԱՄՆ-ում դա շատ ծիծաղելու գումար է: ՔՊ-ն Զարեհ Սինանյանի միջոցով կապը կտրեց հին Սփյուռքի հետ ու փորձեց կապ ստեղծել նոր Սփյուռքի հետ,որ ձևավորվել է 80-90-ականներին Հայաստանից եկած քաղաքացիներից, իսկ հինը՝ պառակտել»,- ցավով նկատել է Արթին Սուքիասյանը: